Անհետ կորած զինծառայողների հարազատները, ովքեր մի քանի օր հավաքվում էին ՊՆ-ի մոտ, այսօր հավաք են անցկացնում Ռուսաստանի դեսպանության մոտ՝ հույսով, որ կստանան իրենց հարցերի պատասխանները:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ հիմա դեսպանատանը կփոխանցեն իրենց նամակ-խնդրագիրը, որի տակ ստորագրեցին հավաքված ծնողները:

«Այստեղ քիչ են, կարող է 100 մարդ ստորագրած լինի, բայց իմ մոտ եղած ցուցակում 280 հոգի արդեն փնտրողների անուն կա: Եթե հարկ կհամարեն, ծնողներից կազմված մի խմբի ընդունեն, լսեն, տեսնենք կարո՞ղ են այս հարցում մեզ սատար կանգնել, օգնել: Եթե չեն ընդունի, գոնե մեր նամակը թող հասնի իրենց: Իրենք տեսնում են, թե ինչքան մարդ կա այստեղ: Այստեղ հավաքվածները 10 տոկոսն էլ չեն այն մարդկանց, որոնք փնտրում են իրենց երեխեքին»,-ասաց նա:

Նշվեց, որ ծնողներից մի քանիսը հերթագրվել են կառավարությունում, որոնց վարչապետը գուցե ընդունի, եթե ժամանակ գտնի. «Այնպես չէ, որ վարչապետը ասել է՝ չէ, չեմ հանդիպի: Ինքը ասաց, որ պատրաստ է բոլոր ծնողներին լսել: Մեր չշտված տեղեկություններով մեր կառավարությունը հեռախոսազանգ է ունեցել Ռուսաստանի կառավարության հետ: Իրենց կողմից կոշտ արձագանք է եղել Ադրբեջանի ղեկավարների ննկատմամբ, որ նման ձեւով չի կարելի, քանի որ ստորագրված փաստաթղթով գերիների, վիրավորների, զոհվածների հարցը պետք է մինչեւ դեկտեմբերի 1-ը վերջացրած լինի»:

Նշենք, որ երեկ հարազատների մի մասը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումները շարունակական բնույթ են կրելու:

ՌԴ դեսպանատան մոտ գտնվող ծնողներից մեկն ասաց, որ դիմում է բոլոր այն հայերին, ովքեր այլ տարբերակներ ունեն ծնողներին օգնելու համար. «Ժողովրդի լեզվով ասած՝ դիմում եմ լավ տղերքին, ովքեր գտնվում են թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, թե՛ այլ երկրներում: Դիմում եմ մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն այս սգավոր ծնողներին օգնելու: Կարող ա մեկն ունի լավ ընկեր: Եթե կարող են, թող օգնեն: Մենք արդեն անելանելի վիճակում ենք: Որևէ մեկը մեր խնդրին լուծում չի տալիս: Դրա համար այսօր եկել ենք դեսպանատան մոտ, խնդրենք, որ աջակցի մեզ»: