Գործատուներից շատերն արդեն պատրաստակամություն են հայտնել միանալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի՝ զոհված, անհետ կորած կամ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին տրվող վճարումները կրկնապատկելու  նախաձեռնությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Նախաձեռնությունը ենթադրում է, որ Հայաստանում գործող յուրաքանչյուր սուբյեկտ կամ ձեռնարկատեր պետք է կրկնապատկի աշխատակիցների կողմից վճարվող 1000 դրամները՝ իր կողմից հավելելով եւս 1000 դրամ:

«Կան գործատուներ, ովքեր մտադիր են եռապատկել կամ նույնիսկ քառապատկել: Ընդ որում, որոշ գործատուներ հարցը թողել են աշխատակիցների հայեցողությանը»,-հայտնեց Ավետիքյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում գործում է գրեթե 55 000 գործատու: Ամեն շաբաթ նախաձեռնությանը միանում է 40-50 գործատու: Ավետիքյանը հույս հայտնեց, որ գործընթացը շարունակական կլինի: Բացի այդ, ծրագրին կարելի է միանալ 1-2 տարով եւ նույնիսկ անժամկետ:

Միեւնույն ժամանակ, Ավետիքյանը նշեց, որ վճարումները պետք է կրկնապատկել՝ միջինում մինչեւ 3000 դրամ երկրում գրանցված յուրաքանչյուր աշխատողից:

«Այժմ քննարկվում են վճարումների ավելացման տարբեր մոդելներ: Դրանցից մեկով նախատեսված է, որպեսզի բոլոր աշխատողները վճարեն 3000 դրամ: Առաջարկվում է մեկ այլ մոդել, որի համաձայն՝ գումարը կաճի աշխատավարձին համապատասխան: Սակայն բոլորը պետք է հասկանան, որ մեր բեռը պետք է ավելանա, քանի որ մենք բարոյական եւ ֆինանսական պատասխանատվություն ենք կրում մեր բանակի առջեւ, որն ապահովել է մեր անվտանգությունը»,-ընդգծեց հիմնադրամի տնօրենը:

Նա նկատեց, որ եթե այդ ուղղությամբ համապատասխան քայլեր չձեռնարկվեն, ապա երկիրը կարող է բախվել սոցիալ-տնտեսական աղետի: