Ստորագրված փաստաթղթով գերիների, վիրավորների, զոհվածների հարցը պետք է մինչեւ դեկտեմբերի 1-ը վերջացրած լինի, դա մեզ ասաց փոխվարչապետ Ավինյանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՌԴ դեսպանմատան մոտ լրագրողների հետ զրույցում նշեց անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը:

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները, ովքեր մի քանի օր հավաքվում էին ՊՆ-ի մոտ, այսօր հավաք են անցկացնում Ռուսաստանի դեսպանության մոտ՝ հույսով, որ կստանան իրենց հարցերի պատասխանները:

Ակցիայի մասնակիցը նշեց, որ հնարավոր չի մինչեւ դեկտեմբերի 1-ը ավարտել այդ գործընթացը, որովհետեւ դա կախված է նրանի, թե երբ Ադրբեջանի ղեկավարությունը թույլ կտա մտնել այդ տարածքներ:

«Այսօր արդեն նոյեմբերի 24-ն է, եւ եթե անգամ ելնեն երկինք, իջնեն ներքեւ, չեն կարող ավարտել մինչեւ դեկտեմբերի 1-ը: Այն ժամանակ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ ինքն ասաց, որ եթե թույլ տան մտնենք այդ տարածք, 2 շաբաթում, կարծում եմ, կավարտենք: Հիմա օրերը գնում է, ժամանակը քչանում է, բայց արդյունք դեռ չունենք»,-ասաց նա:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ասաց. «Մեզ տեղեկացրել են, որ համաձայնություն են ստացել, որ այդ տարածքներում պետք է արդեն ռուս խաղաղապահների հետ գործողությունները սկսվեն, բայց դեռ ոչ մի գործողություն դեռ չի կատարվում: Մենք Արցախում ունենք ծնողների խումբ, իրենք են փոխանցել: Երեկ եղել է գործողություն Հադրութի Դրախտիկ եւ Վանք գյուղերում, բայց դրանից հետո չեն խորացել խորքերը»: