Մենք Դավիթ Տոնոյանին ենք տվել մեր երեխուն, պահանջում ենք բոլոր ծնողներով, որ Տոնոյանը հրաժարական չտա, նա պարտավոր է մեր հարցերին լուծում տալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, Կառավարության դիմաց լրագրողներին ասաց անհետ կորած զինծառայողների մայրերից մեկը։ «Մեզ ու մեր երեխեքին չեն էլ հարգում, ստեղից ծնողներից տանում են ստեղ-ընդեղ, գոնե մեզ համար ցավան, երեխա ենք տվել, թող բարի լինեն, մեր երեխուց տեղեկություն ունենան։ 3 ամսվա զինվորին իրենք իրավունք չունեին սահմանի բերան տանեին։ Մենք Տոնոյանին ենք տվել մեր երեխուն, պահանջում են բոլոր ծնողներով, որ Տոնոյանը հրաժարական չպետք է տա, նա պարտավոր է մեր հարցերին լուծում տա»,- ասաց մայրերից մեկը։

Հարազատները պնդեցին, որ իրենց որդիներին պետք է ողջ վերադարձնեն. «18 տարի պահել եմ, որ հիմա ես իմ երեխու դին չկարողանամ գտնե՞լ։ Մենք ողջ ենք ուզում մեր երեխուն, դի՞ ենք տվել, որ դի ուզենք։ Ոչ մի բան էլ չենք ասում, անհույս գալիս ու անույս գնում ենք։ Մեծավորները երեխեքին խմացրել ու ուղարկել են կռվի դաշտ։ Ես տվել եմ ողջ ու առողջ երեխա, ոնց տվել եմ՝ նենց էլ թող բերեն, տան»։

Նշենք, որ արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատներն այս պահին Կառավարության շենքի դիմաց են։ Հարազատներն այսօր նախ հավաքվել էին ՌԴ դեսպանատան դիմաց։ Նրանք նամակ-խնդրանք էին գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը փոխանցեցին դեսպանատուն։

Հիշեցնենք, որ երեկ անհետ կորած զինծառայողների հարազատներից 25-ը հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։