Լեռնային Ղարաբաղում շատ խնդիրներ կան, Լեռնային Ղարաբաղը խնդիրներ ունի թե փախստականներ, թե գյուղերի, թե ռազմական, թե խաղաղապահ ուժերի հետ կապված. այդ հարցերն էինք քննարկում Արցախի նախագահի հետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ-ում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, որ Արցախի նախագահը շատ չի մնացել:

«Խմբակցության ղեկավարը կասի բոլոր հարցերի մասին, որովհետեւ եղել են հարցեր, որոնց մասին, ինձ թվում է, հիմա կոռեկտ չի հիմա ասել, որովհետեւ դա կվտնգի պրոցեսները»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք քննարկվել է ռազմական դրությունը չեղարկելու հարցը, Իգիթյանը նկատեց, որ դա գտնվում է գործադիր իշխանության տիրույթում: գործադիրն այդ հարցը կքննարկի, կմտածի բոլոր վտանգների մասին եւ կներկայացնի»:

Նա նշեց, որ շատերն իրենցից բարձրացրել են գերիների, զոհվածների մարմինների տեղափոխման հարցերը. «Բոլոր միջազգային կառույցների առջեւ նաեւ մեր խորհրդարանական դիվանագիտության միջոցով այդ հարցը պետք է բարձրացվի: Ես այդ հարցը բարձրացրել եմ, որ ծնողներն այդ տեղեկատվությունը պետք է ունենան: Ոչ թե գնան իմանալու, այլ իրենց օրական 2-3 անգամ պետք է ասեն՝ նորություն չկա, կամ նորություն կա: Այդ հարցը չնայած ինստիտուցիոնալ առումով անհնար է, որ Արցախն իրականացնի այդ պրոցեսը, որովհետեւ այնտեղ տեղեր կան, որ անհնար է, բայց առնվազն վերաբերմունքը պետության պետք է լինի: Ես հարցը բարձրացնում եմ, բայց ես չեմ գտնվում այն իրավասու մարմինների մեջ, որոնք այդ հարցով զբաղվում են: Այսօր ես օգտգործելով իմ կապերը Եվրոպայում, նաեւ Ռուսաստանում, մի քանի հարցեր փորձում ենք բարձրացնել, որովհետեւ անորոշությունները շատ են եւ դրանց լուծումները պետք է լինեն ժամ շուտ: Ինձ համար սա շատ ավելի կարեւոր է, քան ցանկացած քաղաքական հարց, օրինակ՝ ով է լինելու նախարար, կամ չի լինելու: Կան հրատապ հարցեր, որոնք ցավոք Արցախի պաշտոնյաների հնարավորություններից եւ մեր հնարավորություններից դուրս են»: