Ցանկացած պաշտոնյայի փոխելու հետ կապված պետք է բացատրություն լինի թե իր կողմից, եթե հրաժարական է տվել, կամ եթե փոխվում է, փոխողի կողմից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Բայց ցանկացած անձ, որն այս պահին որեւէ պաշտոնում է, նա պետք է կատարի իր լիազորությունները: Ամեն մեկն իր տեղում պետք է իր դիրքը պահի»,-ասաց նա:

Անդրադառնալով պատերազմից հետո ստեղծված իրավիիճակին, Իգիթյանն ասաց. «Մենք՝ պատգամավորներս, փորձում ենք գտնել նոր հնարավորություններ, որ պետք է աշխատի, որովհետեւ նախկինում եղած որոշ բանաձեւեր հիմա չեն աշխատում: Ի վերջո, տեղի է ունեցել անարդար մի իրավիճակ, եւ այդ հարցը պետք է բարձրացնեն ոչ միայն մենք, այլեւ մեր ընկերները տարբեր ատյաններում՝ Թուրքիայի մասնակցությունը, ջիհադիստների մասնակցությունը եւ այլն:

Ցավոք Հայաստանից դուրս է գնում միայն քաղաքական բախումների ինֆորմացիան, բայց ես այլ մեսիջներ եմ սպասում եւ ես չեմ ուզում, որ այդ մեսիջները, որոնք պետք է լինեն թե Հայաստանից, թե Արցախից, կորեն այդ քաղաքական աղմուկի մեջ»: