Թուրքիան շարունակում է աշխատանքը Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ուղղությամբ, դիտակետերի միջեւ պարեկություն կիրականացվի, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է: Լեռնային Ղարաբաղում դիտակետերի միջեւ, որոնք պետք է կառուցվեն, պարեկություն կիրականացվի», Աքարին մեջբերում է TRT հեռուստաալիքը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Անկարան եւ Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման կենտրոնի վերաբերյալ, նրանք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությանը»: Դրանից առաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան եւ Անկարան կաշխատեն Ղարաբաղի հարցով Ադրբեջանի տարածքում գտնվող մոնիտորինգային կենտրոնի միջոցով, «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի եղել»: