Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութեր մատակարարելու գործարք է կնքել Նուբար Աֆեյանի Moderna-ի հետ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է Reuters-ը:

Moderna-ն անցյալ շաբաթ, հիմնվելով ուշ կլինիկական փորձարկման միջանկյալ տվյալների վրա, հայտարարել էր, որ իր փորձարարական պատվաստանյութը 94,5% արդյունավետություն ունի COVID-19-ի կանխարգելման գործում:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ վաղը մենք COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարման նոր պայմանագիր կհաստատենք»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը` հավելելով, որ գործարքը «թույլ է տալիս գնել Moderna-ի կողմից արտադրված մինչեւ 160 միլիոն դոզա պատվաստանյութ»:

Սա մատակարարման վերաբերյալ ԵՄ-ի վեցերորդ գործարքն է պատվաստանյութեր արտադրողների հետ՝ COVID-19-ի դեմ պատվաստումներ ապահովելու համար: