Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Գրենոբլ-Ալպ Մետրոպոլի խորհրդի բանաձեւը Արցախի ճանաչման վերաբերյալ․

«Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական եւ սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսը եղանք Արցախի (Լեռնային Ղարաբաղի) զինվորականների եւ խաղաղ բնակչության դեմ արգելված զենքերի՝ մասնավորապես կլաստերային զենքերի, անօդաչու թռչող սարքերի եւ ֆոսֆորային ռումբերի գործածմամբ ադրբեջանա-թուրքական դաշինքի վարած 43-օրյա պատերազմին, որը կանգ առավ 2020 թ. նոյեմբերի 10-ի համաձայնագրով: Ցավոք, միայն հրադադարի այս համաձայնագրով չի լուծվում Լեռնային Ղարաբաղի հայության հարցը:

Հիշեցնենք, որ Արցախը հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով: 1921-ին Իոսիֆ Ստալինի կամայական եւ միակողմանի որոշմամբ այն կցվել է Ադրբեջանին: 1988-ից սկսած՝ ժողովուրդների ազատատենչությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին ստիպեց վերափոխվել անկախ պետությունների, որոնք, համաձայն միջազգային իրավունքի, անմիջապես ճանաչում ստացան: Արցախի ժողովուրդը հանրաքվեի ճանապարհով իրեն հռչակեց անկախ հանրապետություն: Ադրբեջանը, ցանկանալով վերադարձնել ավելի քան 95% հայերով բնակեցված այս տարածքը, անխնա պատերազմ սկսեց նրա դեմ: Միջազգային հարթակում ստեղծվեց «Մինսկի խումբը», որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները՝ փորձելու համար գտնել խաղաղ լուծում՝ ցավոք, ապարդյուն։

Իրենց կեղեքողից փախչելով՝ բոլորովին անօգնական խաղաղ բնակիչները գաղթի ճամփան բռնեցին դեպի Հայաստան: Արցախի տարածքը գրեթե կեսով կրճատվել է: Հիվանդանոցներն ու բուժկետերը խիստ ծանրաբեռնված են եւ այլեւս համապատասխան քանակությամբ դեղամիջոցներ եւ առաջին անհրաժեշտության պարագաներ չունեն հատկապես Covid-ի համաճարակից ստեղծված իրավիճակում, երբ թեստավորված անձանց 50%-ը վարակակիր է: Սա մարդասիրական աղետ է Արցախի Հանրապետության գրեթե ողջ 150,000 տեղահանված բնակիչների համար:

Սփյուռքի եւ հատկապես Ֆրանսիայի հայերը համախմբված կերպով օժանդակության ալիք բարձրացրին՝ հավաքելով դրամական օգնություն եւ դեղորայք, սակայն ավիափոխադրումները բավականին թանկ են, իսկ կարիքներն օրեցօր ավելի ու ավելի են մեծանում:

Մետրոպոլը երկար տարիներ ի վեր ընդհանուր պատմություն ունի հայազգի ֆրանսիացիների կամ Հայաստանի հետ (հումանիտար օգնություն, համագործակցություն, մշակութային միություններին աջակցություն): Բացի դրանից՝ մեր տարածքի գրավչությունն ու էությունը միշտ կրել են օգնության հասնելու եւ մարդու իրավունքների պաշտպանության արժեքներ:

Ադրբեջանի նոր տարածքային նկրտումներից Արցախին մնացած տարածքները մեկընդմիշտ պաշտպանելու եւ մեր շրջանի տարածքում եւ ամբողջ Ֆրանսիայում առաջ եկած զորակցության ոգուն արձագանքելու համար, Մետրոպոլի խորհուրդը հայցում է կառավարությանը, որպեսզի Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ որպես իր բնակչության անվտանգության եւ տարածաշրջանային եւ գլոբալ կայունության գրավական»: