Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հերթական ավտոշարասյունը մարդասիրական օգնությամբ բեռներով Ստեփանակերտ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Շարասյունը կազմավորվել էր Դոնի Ռոստովում: Գերատեսչության քսան «Կամազները» 300 տոննա շինանյութ են տեղափոխել` փայտանյութ, ապակի եւ սալաքարեր: Այս նյութերը կօգտագործվեն Լեռնային Ղարաբաղի բնակելի շենքերի եւ ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներում: Արդեն երեքշաբթի օրը բերված ապակու մի մասը կբաշխեն Ստեփանակերտի արհեստանոցներով, որտեղ այն կկտրվի շենքերի ապակեպատման համար: Ապակու մնացած մասը չորեքշաբթի օրը կմատակարարվի Մարտունու, Մարտակերտի եւ Ասկերանի շրջաններ:

Ավտոշարասյան հետ ժամանած ՌԴ ԱԻՆ Դոնի փրկարարական կենտրոնի պետի տեղակալ Սերգեյ Գոլովաչը լրագրողներին ասել է, որ ավտոմեքենաներն անցել են 1700 կիլոմետր: «Երթուղին այդքան էլ դյուրին չէր, սակայն անձնակազմը կատարել է դրված առաջադրանքը: Դժվարը երկար անցումն էր, լեռնանցքները, բարձրանալն ու իջնելը: Ճանապարհին երեք գիշերակաց եղավ: Ստուգումը սահմանին անցավ սովորական ռեժիմով, եւ տեւեց մոտ 6 ժամ»,- ասել է նա:

Նոյեմբերի 21-ին ՌԴ ԱԻՆ առաջին ավտոշարասյունը հինգ մեքենայով 45 տոննա շինանյութ հասցրեց Ստեփանակերտ: