Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի անկումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9.1 տոկոս է կազմել: Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Երկրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ շուկայական գներով շուրջ 1.745 տրլն դրամ է կազմել, ինչը 38.6 տոկոսով գերազանցում է երկրորդ եռամսյակի ցուցանիշները: Հիշեցնենք, որ երկրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն մոտ 1.271 տրլն դրամ է կազմել: Երրորդ եռամսյակի արդյունքներով` ՀՆԱ-ում 17.1 տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, 10.7 տոկոսը` մեծածախ եւ մանրածախ առեւտրին, իսկ 12.0 տոկոսը` վերամշակող արդյունաբերությանը: Շինարարության բաժինը ՀՆԱ-ում 7.3 տոկոս է կազմել, հյուրանոցային բիզնեսի եւ հանրային սննդի ոլորտի բաժինը` ընդամենը 1.3 տոկոս: Համեմատության համար նշենք, որ վերոնշյալ երկու ոլորտների մասնաբաժինը ՀՆԱ-ում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վերջին կազմել է համապատասխանաբար 66 եւ 2.7 տոկոս: Գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում աճել է համապատասխանաբար 1.1 եւ 0.4 տոկոսային կետերով: ՀՆԱ-ի կառուցվածքը փոփոխություններ է կրել ֆինանսական եւ ապահովագրական գործունեության բաժնի մասով, ինչպես նաեւ` անշարժ գույքի հետ կապված գործունեության մասով:

Այդպես, եթե 2019 թվականի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ում ֆինանսական եւ ապահովագրական գործունեության բաժինը 5.6 տոկոս էր կազմում, ապա այս տարվա նույն ժամանակահատվածի վերջին այն աճել եւ կազմել է 6.0 տոկոս: Անշարժ գույքի գործարքների մասով` 2019 թվականի երրորդ եռամսյակում 7.2 տոկոս` այս տարվա նույն ժամանակահատվածի 6.8 տոկոսի դիմաց: Ըստ 2020 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքների` Հայաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել է ավելի քան 588.4 հազար դրամ կամ 1212 դոլար, ինչը 326 դոլարով գերազանցում է առաջին եռամսյակի նույն ցուցանիշը, բայց ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այսպիսով, 2019 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով, Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն մոտ 616.2 հազար դրամ կամ 1294 դոլար է կազմել: