Թուրքիան երկու գրասենյակ է բացում Աֆրինում` Արցախ տեղափոխվելու ցանկություն ունեցող թուրքմեն վերաբնակիչներին գրանցելու համար: Այս մասին հայտնում է Human Rights Organization - Afrin - Syria- ն:

«Ըստ բազմաթիվ աղբյուրների Աֆրինից` թուրքական օկուպացիոն իշխանությունները վերջերս երկու գրասենյակ են բացել քաղաքի կենտրոնում Արցախի տարածաշրջանում վերաբնակեցմանը նախապատրաստման շրջանակներում գրանցվել ցանկացող թուրքմեն վերաբնակիչների ընտանիքներին ընդունելու համար` նպատակ ունենալով վերջնականապես վերաբնակեցնել ադրբեջանական բանակի կողմից վերջերս գրավված տարածքներում:

Նույն աղբյուրները հաստատել են, որ առաջին գրասենյակը գտնվում է Popular Credit Bank կենտրոնում Աֆրինի հին թաղամասում, որն այժմ թուրքական հետախուզության կենտրոնն է, իսկ երկրորդ գրասենյակը գտնվում է նախկին քրդական «Ռոնահի տպարանում»` Նյու Աֆրին թաղամասի նախկին հիվանդանոցի հարեւանությամբ, որը եւս թուրքական հետախուզության կենտրոն է:

Ըստ ականատեսների` այս երկու գրասենյակներում թուրքմեն ընտանիքների, հատկապես սիրիական Հոմս նահանգի արաբ բեդվինների մեծ թիվ կա, ովքեր հայտարարում են իրենց թուրքական արմատների մասին, ինչը վկայում է այն մասին, որ ընտանիքների վերաբերյալ տվյալները հավաքվում են Ադրբեջան նրանց տեղափոխման նախապատրաստման ընթացքում:

Աղբյուրները նաեւ նշել են, որ գրասենյակի ղեկավարներից մեկը Աբու Թարվան է` թուրքական հետախուզության գործակալը, իսկ երկրորդ գրասենյակը ղեկավարում է ոմն թուրքմեն Հիրուն` Ալ-Ռաայ Ազազ շրջանի գյուղերից մեկից, որը գտնվում է Թուրքիայի սահմանին` սիրիական Հալեպ քաղաքից դեպի հյուսիս:

Թուրքական հետախուզությունը եւ «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբերը թուրքմեն ընտանիքների վերաբնակեցման ծրագիրը համակարգում են թուրքամետ, հիմնականում Սիրիայից թուրքմեն զինված խմբավորումների հետ միասին, ինչպիսիք են Սուլթան Մուրադը, Սուլեյման Շահը, ալ-Համզաթը եւ այլոք »: