Անհետ կորածների մասին տեղեկատվության հավաքագրման եւ մշակման գործընթացը բարդ է եւ դելիկատ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով Արցախում մարտական գործողությունների հետեւանքով անհետ կորածների որոնման հետ կապված իրավիճակը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ անհետ կորածների հարազատներն ամեն օր բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով տեղեկություն տրամադրել այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկում երկրի իշխանությունները: Նախօրեին նրանց ընդունել է վարչապետը:

«Հիանալի հասկանում եմ ծնողներին: Մենք այդ հարցով աշխատում ենք 30 տարի: Պետք է ասել, որ տեղեկությունը հրապարակելիս պետք է հաշվի առնել դրա գաղտնիությունը: Սակայն նույնիսկ բողոքի ակցիայի մասնակիցների թվից երեւում է, որ անհետ կորածները շատ են: Իմանալով աշխատանքի բնույթը՝ կարող եմ ասել, որ առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում տեղեկատվության հավաքագրման աշխատանքը նման արդյունքներ չի տա, որոնց մասին հնարավոր կլինի հայտնել հասարակությանը: Ավելին, ադրբեջանական կողմը խոչընդոտում է, ինչպես կարողանում է:

Այլ հարց է դիմել ՄԻԵԴ ՝ գերեվարման հաստատված դեպքերի հետ կապված: Արտակ Զեյնալյանը մասնավոր անձ է: Ինչո՞ւ է տեղեկությունը հայտնում նա, այլ ոչ թե պետությունը: Հանկարծ, չգիտես ինչու, փորձել են խնդիրը բարդել օմբուդսմենի վրա: Դա անգրագիտություն է կամ չարամտություն: Օմբուդսմենն ընդհանրապես որեւէ գործադիր գործառույթ չունի:

Իշխանությունները պատասխանատվությունը գցում են այս կամ այն անձանց կամ ինստիտուտների վրա, որոնք դրանով չպետք է զբաղվեն: Իսկ գործադիր մարմինները, որոնք պետք է զբաղվեն այդ հարցով, իշխանություններից հստակ հրահանգներ չեն ստանում: Իշխանությունները չեն հասկանում իրենց առջեւ դրված խնդիրներն ու չեն կատարում իրենց պարտականությունները: Նրանք չեն կատարում նույնիսկ կառավարական գործառույթները: Պետությունը ձեռքերը լվացել է: Վարչապետը կարո՞ղ է ավելին ասել, քան մասնագիտացված եւ որոշակի գործողություններ կատարող իշխանությունների մարմինները»,-հարց է ուղղել Լարիսա Ալավերդյանը:

Առաջին օմբուդսմենը շատ դրական է գնահատել տեղեկատվության հավաքագրման եւ մշակման խմբի աշխատանքը, ինչպես նաեւ գնդապետ Վ. Ոսկանյանի ղեկավարությամբ անհետ կործաների որոնման աշխատանքների հարցերով Ռուսաստանի խաղաղապահ առաքելության եւ ԿԽՄԿ-ի հետ կապերը: «Երկրորդ հերթին, ստացվում է, որ իշխանությունները խնդիրը բարդում են միայն ՊՆ-ի վրա: Միեւնույն ժամանակ, այդ բազմաբնույթ աշխատանքով պետք է զբաղվեն գրեթե բոլոր նախարարությունները: Նման աշխատանք է կատարել հանձնաժողովը»,-նշեց Լարիսա Ալավերդյանը:

Առաջին օմբուդսմենը կարծում է, որ երկրորդ հանձնաժողովի ստեղծման մասին լուրն ընդհանրապես «սառը ցնցուղ» էր հասարակական կազմակերպությունների համար, որոնք կառավարության որոշմամբ ներառված էին արդեն գործող հանձնաժողովի կազմում: «Եվ հանկարծ մենք լսում ենք եւս մեկ հանձնաժողովի ստեղծման մասին՝ առանց առաջին հանձնաժողովի լուծարման: Ես հատուկ զանգել եմ եւ պարզել, որ լուծարման մասին հրաման չի եղել: Փոխվել է պաշտպանության նախարարը, եւ ի՞նչ: Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Միեւնույն ժամանակ, գոյություն ունեցող հանձնաժողովը կազմված է գրեթե բոլոր նախարարությունների նախարարների տեղակալներից կամ առաջին տեղակալներից, ինչպես նաեւ կազմակերպություններից, որոնք տասնյակ տարիներ զբաղվում են անհետ կորածների հարցերով, մեր կազմակերպությունն ակտիվ մասնակցել է 90-ական թվականներին որոնման աշխատանքներին: Նոր միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարությունը բացարձակ պոպուլիստական քայլ է կամ անտեղյակության արդյունք, իսկ միգուցե՝ արհամարհանք գործող ինստիտուտների եւ հենց վարչապետի հրամանի նկատմամբ»,-եզրափակեց ՀՀ առաջին օմբուդսմենը: