Հիմա բոլոր մեթոդները կիրառելի են, որովհետեւ վայրկյան առաջ Նիկոլ Փաշինյանի հեռացումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի եւ Արցախի ազգային անվտանգության, համազգային միասնականության, գահավիժող տնտեսական այս փլուզումից դուրս բերելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, որը երեկվանից հացադուլ է հայտարարել։

«Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին ուղղակի պետական համակարգի գործունեության վերականգնման համար պետք է հեռանա։ Անցել է 15 օր այդ չարաբաստիկ հայտարարությունից, սակայն որեւէ բան չի իրականացվել, դժբախտության մեջ գտնվող մեր հայրենակիցները պետք է գային Կառավարության դուռ, Պաշտպանության նախարարություն, նոր պետությունը գործի անցնե՞ր»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք Կառավարությունից որեւէ մեկն իրեն մոտեցե՞լ է, Մանուկյանն ասաց՝ ոչ. «Ոչ մեկ չի մոտեցել, չեմ էլ ակնկալում, որ մոտենան, որովհետեւ զրույցը որեւէ նշանակություն չունի՝ պահանջը հստակ մեկն է։ Բոլորն էլ հասկանում են, որ այս մարդն ուղղակի անկարող է. նա անկարող է գեթ մի րոպե աշխատել։ Նախարարներին փոխելը որեւէ էական փոփոխություն չի մտցնում։ Իր հռչակած 15 կետանոց այդ ճանապարհային քարտեզի առաջին կետով խոսում է ղարաբաղյան բանակցությունների մասին։ Այս մարդը պարտված է, խայտառակված է, խայտառակված մարդը չի կարող արցախյան բանակցություններ առաջ տանել»։

Լրագրողի դիտարկմանը, որ ուժային կառույցները շարունակում են ակցիայի մասնակիցներին բերման ենթարկել, բիրտ ուժ կիրառել նրանց նկատմամբ, Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Անհասկանալի հանդերձանքով ինչ-որ ստորաբաժանումներ են, որոնք ամենակոպիտն էին գործում այդ ժամանակ։ Մեր երկրի պատմության մեջ արդեն մի քանի դեպք եղել է, երբ բիրտ ուժի դեմ ժողովուրդն է կանգնում, ապա դրանով ոչ մի հարց չի կարող լուծվել։ Թշնամու աչքերին նայած ու կռիվ տված մարդուն ինչո՞վ պետք է վախեցնեն Հայաստանում։ Այն մահակը, որն իշխանությունը գործածում է՝ ռազմական դրության օրենքը, ամսի 26-ին, հույս ունեմ, որ ուղղակի կվերանա»։