Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին աշխատանքից ազատման դիմում է գրել:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ էկոնոմիկայի նախարար է նշանակվելու Menu Group–ի հիմնադիր Վահան Քերոբյանը:

ԱԺ խորհրդի անդամներն այսօր կայացած նիստում կողմ է արտահայտվել որոշվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելուն, որոշումն ուղարկվել է Սահմանադրական դատարան։ Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։ Ծառուկյանը նիստին ներկա չէր։

Խորհրդի որոշման հիմքում դրված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտնի եզրակացությունը, որն առնչվում է  Սահմանադրության 95-րդ հոդվածին, որով արգելվում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ պաշտոն ունենալ առեւտրային կազմակերպություններում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին եւ 24-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մանրամասն քննարկվել են նոյեմբերի 21-ին Երեւան եւ Բաքու Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության այցերի արդյունքները, ինչպես նաեւ երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը: «Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը եւ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հետագա քայլերը: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության եւ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախօրեին անհետ կորած զինծառայողների հարազատների մի խումբ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանը ներողություն է խնդրել այն բանի համար, որ մինչև հիմա պետական մարմինները օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ի վիճակի չի եղել հարազատների հարցերին պատասխանելու։

Այսօր արդեն անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնց մի մասը երեկ հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ են գնացել՝ օգնություն խնդրելու դեսպանից: Վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած քաղաքացիներից մեկը պատմել է, որ հանդիպումն իրեն գոհացրել է, բայց չի բավարարել։ Փաշինյանի հետ զրույցը տևել է 40-45 րոպե: Դրանից հետո Փաշինյանն ասել է, որ շտապում է նույն հարցով կարևոր հանդիպման։ Դրանից հետո փոխվարչապետ Ավինյանի հետ է եղել զրույցը, որը տևել է մոտ 3 ժամ։

Ակցիայի մասնակիցները Ռուսաստանի դեսպանատուն փոխանցեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրագիրը, որի տակ ստորագրեցին հավաքված ծնողները:

Երեւանի ավագանին այսօր իր հերթական նիստն է հրավիրել: Այն վարում էր Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քանի որ քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով: Նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ. ավագանու անդամները հարգել են պատերազմում զոհվածների հիշատակը: Փոխքաղաքապետը նշեց, որ ավգանու «Իմ քայլը» խմբակցությունից Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել մանդատը վայր դնելու, իսկ «Իմ քայլից» Իզաբելա Աբգարյանը՝ խմբակցությունից դուրս գալու մասին։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ տեղեկացրեց, որ իրենք հրաժարվում են Քաղաքաշինության եւ հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի իրենց հաստիքից:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի՝ նախօրեին հայտարարած անժամկետ հացադուլին այսօր միացել նաեւ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը: Լրագրողներին Բալայանն ասել է՝  Նիկոլ Փաշինյանը՝ խախտելով սահմանադրական կարգը, փաստորեն կնքել է միջազգային պայմանագիր, սակայն դա ընթացակարգերով չի սահմանվել: Պայմանագիրը նախեւառաջ պետք է բերվեր ՍԴ, ՍԴ-ն պետք է որոշեր, որ պայմանագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, պետք է այն գնար ԱԺ եւ վավերացվեր: Այդ կարգը նա խախտել է, հետեւաբար տապալել է սահմանադրական կարգը:

Նշենք, որ Կիմ Բալայանի որդին՝ Գաբրել Բալայանը նախօրեին ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: Նրա որդիներից Տիգրան Բալյանը Նիդերլանդներում ՀՀ դեսպանն է, իսկ մյուս որդին՝ Դավիթ Բալայանը, դատավոր է:

MediaPort տելեգրամյան ալիքը հաղորդում է՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդհատել է ՌԴ գաղտնի այցը և այս գիշեր Հայաստան է վերադարձել մասնավոր ինքնաթիռով, չարտերային թռիչքի արժեքը կազմել է 25.000 եվրո: Ավելի վաղ նույն ալիքը գրել էր, որ Արցախի նախագահը պետք է Մոսկվայում մնար մինչև նոյեմբերի 25-ը, բայց Mediaport-ի հրապարակումից հետո ընդհատել է այցը և վերադարձել Հայաստան։ Ըստ աղբյուրի՝ Արայիկ Հարությունյանի այցի նպատակն էր փորձել պահել պաշտոնը, որը Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է ազատվել Հարությունյանից և Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին։ Արայիկ Հարությունյանն էլ հասկանալով, որ անզոր է Աննա Հակոբյան-Սամվել Բաբայան զույգի դեմ՝ շտապել է ՌԴ՝ կանխելու  իր հնարավոր պաշտոնանկությունը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պատերազմի ընթացքում հավաքված գումարից 52 մլրդ 703 մլն 113 հազար դրամը նվիրաբերել է Կառավարությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ֆինանսերի նախարարությունը:

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի անկումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9.1 տոկոս է կազմել: Այս մասին հայտնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։

Սերժ Սարգսյանի տիկնոջ` կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել խիստ ընտանեկան միջավայրում։ Այս մասին նախապես հայտարարություն էր տարածել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։ «Որոշումն ընդունվել է` ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից եւ համաճարակային վիճակից։ ՀՀ երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը»,- նշվում էր հայտարարության մեջ։

73 տարեկանում կյանքից հեռացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ նա վարակվել էր կորոնավիրուսով։  Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը վարպետի տուն-թանգարանի հիմնադիր տնօրենն էր: Նա մեծ դերակատարում է ունեցել Փարաջանովի թանգարանի հիմնման ու կայացման հարցում։ Զավեն Սարգսյանը տաղանդավոր լուսանկարիչ էր, անհատական ցուցահանդեսներ է ունեցել բազմաթիվ երկրներում։

Մահացել է «Արծիվ-մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտիկ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արարատ Խանդոյանը։ «Արցախում անկման փաստի հետ անգամ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանիս սիրտը չդիմացավ: Ննջիր խաղաղությամբ, պարոն գեներալ»,-գրել է նա:

Հայաստանում նոյեմբերի 24-ին կորոնավիրուսով վարակվելու 813 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 127522 դեպքի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2002 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 507 է:

Վաղը լրանում է հայկական ուժերը Քարվաճառից դուրս բերելու ժամկետը։ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության համաձայն՝ այն Ադրբեջանին պետք է հանձնվեր դեռեւս նոյեմբերի 15-ին, սակայն ժամկետը երկարաձգվել էր:

«Ֆրանսպրեսը» տեսանյութ է հրապարակել՝ ինչպես են հայկական զորքի ստորաբաժանումները շարասյունով դուրս գալիս Քարվաճառի շրջանից:

Նշենք, որ Հայաստանը պատրաստվում է մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնել նաև Բերձորի շրջանը:

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ Արցախի մուտքն ազդարարող ցուցանակն ապամոնտաժվում է։

Եվ մեկ լավ լուր. Ամարասի վանական համալիրն ամենայն հավանականությամբ կմնա Արցախի տարածում։ Ամարաս չհասած՝ ռուս խաղաղապահներ են, բայց վանական համալիրում եւ հարեւանությամբ՝ ՊԲ-ի ստորաբաժանումներն են: Պարսպի վրա էլ՝ ռուսական դրոշը։ Մաճկալաշենի համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը, որն Ամարասի պաշտպանության ժամանակ գնդակային վիրավորում է ստացել, պատմել է, որ Ամարասը միշտ հակառակորդի թիրախում է եղել, սակայն չեն կարողացել վերցնել։ Խազազի թումբը թշնամու վերահսկողության տակ է, իսկ այդ բարձրունքից մինչեւ Ամարաս 1,5 կմ է: Նույնիսկ զինադադարից հետո հակառակորդը փորձել է բարելավել  իր դիրքերը, բայց ձախողել են:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 512.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 6.99 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 608.83 դրամ (աճել է 8.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 684.65 դրամ (աճել է 9.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.75 դրամ (աճել է 0.09 դրամով):

Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում նոյեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+3, վաղը ցերեկը՝ +8+10: