Ռազմական դրությունը կոնկրետ խնդիրներ լուծելու համար է, եւ այդ կոնկրետ խնդիրներից տեղյակ են Զինված ուժերը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Ռազմական դրության վերացնելու կամ չվերացնելու հարցն էլ կախված է ռազմաճակատի դրությունից։ Այդ հարցի պատասխանը ԶՈւ-երը պետք է տա։ Եթե ԶՈւ-երը գտնեն, որ այլեւս ռազմական դրություն պահելու կարիք չկա, ուրեմն չկա»,- ասաց նա։

Արման Եղոյանը նշեց, որ «Իմ քայլի» այսօրվա փակ նիստում քննարկվել է ռազմական դրության վերաբերյալ հարցը. «Եզրակացվել է, որ պետք է հասկանալ՝ ռազմաճակատում դրությունը»։

Նոյեմբերի 26-ին ընդդիմության նախաձեռնությամբ տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով, հարցին՝ արդյոք «Իմ քայլը» կմասնակցի՞ նիստին, պատգամավորն ասաց. «Դա կախված է բանակի տված ազդակներից»։

Արման Եղոյանն անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ «Իմ քայլի» հանդիպմանը՝ նշեց, որ քննարկվել են այն բոլոր հարցերը, որոնք մտահոգում են հասարակությանը. «Սկսած ռազմագերիների փոխանակման, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացից, վերջացրած Արցախի ներկա վիճակից»։

Հարցին՝ արդյոք իր համար հասկանալի՞ է՝ ինչու  են որոշ նախարարներ պաշտոններից ազատվում, պատգամավորը նշեց, որ ազատման պատճառները կարող են լինել բազմաթիվ. «Յուրաքանչյուրի դեպքում կարող է լինել պատճառների որոշակի համակցություն»։

Լրագրողի հարցին՝ գուցե լավ չե՞ն աշխատել, Եղոյանն արձագանքեց. ««Լավ չեն աշխատելը» շատ կարճ  ձեւակերպում է։ Անպայման չի, որ դա լինի պատճառը։ Նախարարները ազատվում են ոչ միայն վատ աշխատելու համար, այլեւ երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակին կառավարության կազմին համապատասխանեցնելու համար»։

Անդրադառնալով ԱԺ խորհրդի նիստին ընդունած այսօրվա այն որոշմանը, որով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին միջնորդություն ներկայացվեց ՍԴ՝ պատգամավորը շեշտեց, որ հարցը ԱԺ խորհրդի առջեւ բարձրացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բաղկացած է 4 անդամից, որոնցից միայն մեկն է ներկայացվել «Իմ քայլը» խմբակցության կողմից, մյուսը ներկայացվել է ԼՀԿ-ի կողմից, որը նաեւ նախագահում է հանձնաժողովը, երրորդը ԲՀԿ-ի կողմից եւ չորրորդը՝ ԲԴԽ-ի կողմից։ Նույնիսկ տեսականորեն ենթադրենք՝ որեւէ մեկը փորձել է քաղաքական գործընթաց սկսել, մինեւույն է, մեծամասնություն չուներ այդ հանձնաժողովում որեւ քաղաքական ուժ»։