Ռուսաստանը եւ Չինաստանը մեծացնում են իրենց ազդեցությունը համաշխարհային ասպարեզում՝ նոր կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստանյութերի ստեղծման եւ դրանք այլ երկրներին տրամադրելու պատրաստակամության շնորհիվ, իսկ ԱՄՆ-ը կորցնում է դիրքերը, քանի որ մի կողմ է մնում եւ կենտրոնանում է երկրի ներսում պաշարներ ստեղծելու վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Washington Post-ին։

«Պատվաստանյութային դիվանագիտության նոր ոլորտում կա երկու մոտեցում՝ կուտակել կամ կիսել: Առաջին մոտեցումն օգտագործվում է Միացյալ Նահանգներում»,- նշում է թերթը: Պարբերականն ընդգծում է, որ այս իրավիճակը վկայում է «Թրամփի ներկայիս վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների (միջազգային ասպարեզից) հեռանալու մասին»:

«Այլ մոտեցման օրինակ են Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք շտապեցին կիսել իրենց պետության աջակցությամբ ստեղծված սեփական պատվաստանյութերը այն երկրների հետ, որոնք միմյանց դեմ պայքարում են այդ պաշարների համար՝ դրանով իսկ իրենց դնելով այնպիսի դիրքում, որը թույլ է տալիս ընդլայնել իրենց քաղաքական եւ տնտեսական շահերը»,- ասվում է հոդվածում:

«Ռուսաստանի պատվաստանյութային դիվանագիտությունը նախագահ Վլադիմիր Պուտինի ավելի լայն նկրտումների բաղադրիչն է, որպեսզի վերահաստատի երկրի՝ որպես աշխարհի առաջատար տերության կարգավիճակը: Նույնիսկ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի համար ընտրված անունը՝ «Սպուտնիկ V», հիշեցնում է 1950-ականներին «սառը պատերազմի» տարիներին տիեզերական մրցավազքի ժամանակները»,- կարծում են հրապարակման հեղինակները: