Մեքսիկայի արեւմտյան Հալիսկո նահանգի իշխանությունները գաղտնի գերեզմանում 113 դիակ ու մարդկային մնացորդներ են հայտնաբերել, հաղորդում է AFP-ը:

Գլխավոր դատախազ Հերարդո Սոլիսն ասել է, որ դատաբժշկական փորձագետներին հաջողվել է նույնականացնել 30 զոհի:

Դիակները հայտնաբերվել են Գվադալախարա քաղաքի մոտակայքում՝ Էլ-Սալտոյում մասնավոր տարածքում գտնվող փոսում: Իշխանությունները դեռ չեն պարզել սեփականատերերին:

Նահանգում է գտնվում «Հալիսկո» թմրակարտելը, որը Մեքսիկայում ամենադաժաններից եւ հզորներից մեկն է: Այս նահանգում գաղտնի գերեզմաններում վերջին տարիներին ավելի շատ դիակներ են հայտնաբերվել, քան ցանկացած այլ նահանգում:

Մեքսիկայի ՆԳՆ-ի համաձայն, 2006-ից մինչ այս տարվա սեպտեմբերի 30-ը գաղտնի գերեզմաններից հայտնաբերվել է 897 մարմին, որոնցից 605-ը՝ նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի օրոք, ով պաշտոնը ստանձնել է 2018-ի դեկտեմբերին:

Հոկտեմբերի վերջին հարեւան Գուանախուատո նահանգում գտնվող գերեզմանոցում հայտնաբերվել էր առնվազն 59 մարմին:

Հոկտեմբերին դաշնային կառավարությունը հայտարարել էր, որ 2006 թվականից ի վեր անհայտ կորել է ավելի քան 75 000 մարդ: Անցյալ տարի եղել են ամենամեծ թվով անհայտ կորածները՝ ավելի քան 8300 մարդ: