ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած Ջո Բայդենն ասել է, որ պատրաստ է հանդիպել պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփի հետ, եթե նա խնդրի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես, իհարկե, կհանդիպեմ, եթե նա խնդրի»,- քաղաքական գործչի խոսքն են մեջբերել նրա մամուլի ծառայության լրագրողները։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին, բայց վերջնական արդյունքները առայժմ չեն հրապարակվել։ Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ դեմոկրատների թեկնածուն ստացել է հաղթելու համար ընտրիչների բավականաչափ թվով ձայներ։ Մի քանի համաշխարհային առաջնորդներ Բայդենին արդեն շնորհավորել են պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով։

Վերջին մեկ օրում միանգամից երեք առանցքային նահանգ՝ Փենսիլվանիան (20 ընտրիչ), Միչիգանը (16 ընտրիչ) եւ Նեւադան (6 ընտրիչ) հաստատել են Բայդենի հաղթանակը։

Թրամփը մրցակիցներին մեղադրում է «ընտրությունները գողանալու» փորձի մեջ։ Նրա փաստաբան Ռուդի Ջուլիանին հայտարարել է, որ քվեարկության ժամանակ խախտումները կրել են համակարգային բնույթ։ Ընդ որում՝ Սպիտակ տան գործող տերն արդեն կարգադրել է սկսել Բայդենին իշխանության փոխանցումը։

Պետության հաջորդ ղեկավարի երդմնակալությունը տեղի է ունենալու 2021 թվականի հունվարի 20-ին։