Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լիարժեք աշխատունակության արագ վերականգնման հույս ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով բանակցությունները շարունակելու համար։ Նա ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ համանախագահների հետ սերտ շփման մեջ է։

«Ես մշտական կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ,- ասել է Փաշինյանը։ -  Վերջերս հեռախոսային զրույց ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Գիտեք, որ Միացյալ Նահանգներում ընտրական գործընթաց է։ Հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լիարժեք աշխատունակությունը շատ արագ կվերականգնվի»։

«Բանակցային գործընթացը պետք է ամբողջությամբ վերականգնվի»,- շեշտել է Հայաստանի վարչապետը։

Միաժամանակ, նրա խոսքով, այս պահին կան ավելի օպերատիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն։ «Նկատի ունեմ գերիների, պահվող անձանց ամբողջական փոխանակումը։ Անհետ կորածների հարց կա, զոհվածների դիերի փոխանակման հարց կա։ Կարծում եմ՝ այս պահին մենք պետք է կենտրոնանանք հենց այս հարցերի վրա»,- կարծում է Փաշինյանը։