Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը չի սահմանափակվի միայն 5-ամյա ժամկետով։

«Իհարկե, 5-ամյա ժամկետում անհրաժեշտ է հասցնել ստեղծել տարածաշրջանում անվտանգության եւ կայունության երաշխիքներ։ Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը ձգձգվում է, չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների ներկայությունը կսահմանափակվի 5-ամյա ժամկետով»,- հայտարարել է Փաշինյանը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում։ 

Վարչապետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների տեղակայումը «քաղաքական համաձայնության հարց է, որին հասել են», ու ձեւակերպված է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ։ Փաշինյանի խոսքով՝ «հնգամյա ժամկետը գործընթացի սկիզբն է»։ Նա նաեւ նշել է, որ այս ժամանակահատվածը կարող է ավտոմատ երկարաձգվել։

«Կարծում եմ՝ այս պահին գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղում եւ տարածաշրջանում կայունության ապահովումն է եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգության ապահովումը, ու ես կարծում եմ եւ հույս ունեմ, որ ռուս խաղաղապահները հաջողությամբ կգործեն եւ կկարողանան իրապես կյանքի կոչել այդ առաքելությունը»,- ասել է Փաշինյանը։