ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կարեւոր է համարում, որ ԱՄՆ ղեկավարությունը այսուհետեւ եւս խուսափի Մերձավոր Արեւելքում «արկածախնդրություններից», որոնք սպառնալիք են կրում ամբողջ տարածաշրջանի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ԱՄՆ եւ նրա դաշնակիցների միջամտությունը թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում, թե՛ Լիբիայում այս երկրներից ոչ մեկում կյանքն ավելի լավը չի դարձրել։ Միայն խնդիրներ է ստեղծել, որոնք այդ երկրների քաղաքացիները, համապատասխան քաղաքական գործիչները, կառավարությունները ստիպված են հիմա հաղթահարել»,- ասել է նա իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Իհարկե, սկզբունքորեն կարեւոր է, որ այսուհետեւ եւս ամերիկյան ղեկավարությունը խուսափի համանման արտասահմանյան արկածախնդրություններից, որոնք լրջագույն սպառնալիք են կրում համապատասխան ամբողջ տարածաշրջանի համար»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։