Մեքենայի վարորդը, որն այսօր Բեռլինում մխրճվել էր դաշնային կանցլերի գերատեսչության պարսպի դարպասների մեջ, ցանկացել է Անգելա Մերկելին ինչ-որ նամակ փոխանցել, հայտնում է Bild-ը։

Նամակի բովանդակությունը չի ներկայացվում։ Պարբերականի տեղեկություններով՝ արտակարգ դեպքի մեղավորը հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե «ցանկանում էր, որ իրեն լսեն»։ Նրան դեպքի վայրում ձերբակալել են դաշնային ոստիկանության աշխատակիցները, որը պատասխանատու է գերատեսչության անվտանգության պահպանման համար։

Bild-ը նշում է, որ իրավապահ մարմինները ուժեղացրել են Մերկելի գրասենյակի, ինչպես նաեւ տան պահպանությունը, որտեղ Բեռլինում ապրում է կանցլերը։

Չորեքշաբթի առավոտյան ավտոմեքենան մխրճվել էր Մերկելի գրասենյակի պարսպի դարպասների մեջ՝ պատճառելով աննշան վնասվածքներ։ Դատելով ավտոմեքենայի թափքի վրայի գրառումներից՝ միջադեպը կապ ունի կա՛մ Գերմանիայի կառավարության կարանտինային միջոցառումների հակառակորդների, կա՛մ հակագլոբալիստների քաղաքական ակցիաների հետ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի արարքի դրդապատճառները, միջադեպն առայժմ չի դիտարկվում որպես ահաբեկչություն։