Այս իշխանությունը դասեր չի քաղել նույնիսկ պատերազմի պարտությունից, հակառակ դեպքում՝ ներքաղաքական բազարների թեման չէր շարունակի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին լրագրողների զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու ԱԺ խորհրդի նիստի որոշմանը:

«Երբ մենք իշխանական գործընկերներին ասում էինք՝ ԱԺ եկեք, քվորում ապահովեք, քննարկենք փաստաթուղթը, չէին գալիս, բայց մարդիկ պատրաստ են գնալ եւ քվորում ապահովել մի նիստում, որտեղ քննարկվում է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը։ Ես չեմ հասկանում՝ սա՞ է այսօր մեր խնդիրը, ինչ-որ մեկին մանդատից զրկելու հարցն ո՞ւմ է դա հետաքրքրում»,- նշեց Սամսոնյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մարդկանց փողոց դուրս գալու հարցին՝ Անի Սամսոնյանն ասաց, որ երկրում սոցիալ-տնտեսական ծանր դրություն է, մարդիկ հիասթափված են. «Մարդիկ հավես չունեն եւ որքան կարող են դուրս գալ եւ պահանջել իշխանության հրաժարականը, բացի այդ կան զինված խմբեր, մարդիկ վախենում են դուրս գալ, սա այլեւս այն անվտանգ Հայաստանը չէ»։