Սահմանափակող միջոցառումներից վաղաժամ հրաժարումը կարող է հանգեցնել համավարակի երրորդ ալիքի, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Ես գիտեմ, որ խանութների սեփականատերերը, բարմենները եւ մատուցողները ցանկանում են, որ սահմանափակումները հանվեն: Բայց մեզ պետք է դասեր քաղել այս ամառվանից եւ չկրկնել մեր սխալները»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հաղորդում է BBC-ն:

ԵՄ-ում առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում իրավիճակը լեռնադահուկային հանգստավայրերում, որոնք համավարակի սկզբնական փուլում կորոնավիրուսի տարածման օջախներ էին դարձել:

Մարդկանց, մասնավորապես, այս տարի կոչ են անում հրաժարվել լեռները այցելելուց, ինչպես նաեւ առաջարկվում է արգելել լեռնադահուկային հանգստավայրերի գործունեությունը:

Եվրոպայի ամբողջ տարածքում գործում են սահմանափակումներ՝ ուղղված կորոնավիրուսի տարածումը զսպելուն, բայց վարակի նոր դեպքերի կորի նվազման եւ պատվաստանյութերի փորձարկման հաջողությունների մասին լուրերի ֆոնին որոշ երկրներ փորձում են մեղմացնել իրենց կարանտինային ռեժիմները:

Մի քանի երկրներ նախատեսում են կամ արդեն որոշել են վերացնել որոշ սահմանափակումներ, որպեսզի ընտանիքները կարողանան միասին հավաքվել Սուրբ ծննդյան տոներին: