Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սարի-Շագան (Ղազախստան) հրաձգարանում դարձյալ հաջողությամբ փորձարկել են ռուսական հակահրթիռային պաշտպանության նոր հրթիռ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

«Սարի-Շագան հրաձգարանում [Ղազախստանի հանրապետություն] ՕՏՈՒ հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության զորքերի մարտական հաշվարկը հաջողությամբ անցկացրել է ռուսական հակահրթիռային պաշտպանության նոր հրթիռի հերթական փորձնական արձակումը»,- նշել են ռազմական գերատեսչությունից։

Օդատիեզերական ուժերի հատուկ նշանակության հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության 1-ին բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Դյոմինը նշել է, որ «ՀՀՊ համակարգի նոր հակահրթիռը փորձարկումների շարքից հետո հաստատել է իր բնութագրերը, իսկ մարտական հաշվարիկները խնդիրը հաջողությամբ են կատարել՝ հանձնարարված ճշգրտությամբ խոցելով պայմանական թիրախը»։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նախորդ անգամ հայտնել էր հոկտեմբերի վերջին ՀՀՊ համակարգի նոր հակահրթիռի արձակման մասին։ Փորձարկումները կրկին անցել են Սարի-Շագան հրաձգարանում։ Այդ ժամանակ եւս հրթիռը հաջողությամբ էր խոցել թիրախը։

Հակահրթիռային պաշտպանության համակարգը մտնում է ՕՏՈՒ սպառազինության մեջ եւ նախատեսված է օդատիեզերական հարձակման միջոցներից պաշտպանվելու համար։