Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն ավարտել են Լեռնային Ղարաբաղ հասցված մարդասիրական օգնության բեռնաթափումը եւ հետեւում են դրա բաշխմանը տներով եւ սոցիալական նշանակության օբյեկտներով, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի ԱԻՆ խումբը, որը մարդասիրական առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ավարտել է հասցված նյութերի բեռնաթափումը: Ներկայումս ընթանում է բեռների բաշխումը բնակելի շենքերով եւ սոցիալական նշանակության օբյեկտների հասցեներով»,- ասել են մամուլի ծառայությունում` շեշտելով, որ նյութերը կօգնեն Ստեփանակերտին արագ վերականգնվել մինչ ցուրտ եղանակների սկսվելը:

Բացի այդ, ՌԴ ԱԻՆ աշխատակիցները քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ միասին գնահատել են Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու եւ Ասկերանի ենթակառուցվածքներին հասցված վնասը: Ստուգվել է 43 բնակավայր, հետազոտվել է ավելի քան 2.6 հազար օբյեկտ, որից ավելի քան 2.4 հազար բնակելի շենք, այդ թվում` բազմաբնակարան, եւ ավելի քան 220 սոցիալական նշանակության օբյեկտ: «Այսօրվա դրությամբ վնասված շենքերի ստուգումն ավարտված է»,- ընդգծել են մամուլի ծառայությունում:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը բարեկարգել է փրկարարների ճամբարը, կազմակերպել է ժամանած անձնակազմի եւ սարքավորումների տեղակայումը:

Ռուս փրկարարները երկու շարասյունով ավելի քան 300 տոննա շինանյութ են հասցրել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք: Դա փայտանյութ եւ ապակի է, որոնք այստեղ անհրաժեշտ են առաջին հերթին. ցրտերն արդեն սկսվել են` չնայած ցերեկն արեւոտ է: Ուստի ՌԴ ԱԻՆ վարորդները, ովքեր 1700 կմ ճանապարհ են անցել մինչեւ Ստեփանակերտ, ժամանման օրը շինանյութերը հասցրել են դրանց բաշխման վայրեր: Ապակիները սկսել են տեղում կտրատել, իսկ տախտակները հասցվել են հասցվել են հասցեներով, որտեղ տներ են վերանորոգվում: