Բազմաթիվ աշխարհազորայիններ եւ քաղաքացիական անձինք այժմ իրենց «ղարաբաղցի» են կոչում, այլ ոչ թե` «հայ» եւ իրենց կուլիսային խաղի պատանդ են համարում, գրում է ՌԲԿ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր ռեպորտաժում:

«Նաիրան 46 տարեկան է, նա մանկաբույժ է, աշխատում է Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում, Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել է մոտ 20 տարի առաջ. նրա ծնողներն այստեղից են, բայց ինքը ծնվել է Հայաստանում: Պատերազմի առաջին երկու շաբաթներին հիվանդանոցն ու դրա բոլոր բժիշկները մոբիլիզացվեցին վիրավորներին օգնելու համար: Հոկտեմբերի 16-ին հերթափոխը հանձնելուց հետո Նաիրան մեկնեց Երեւան, իսկ անցյալ շաբաթ վերադարձավ: Ըստ նրա` շատերը չեն շտապում վերադառնալ, քանի որ Ղարաբաղի ապագա կարգավիճակն անորոշ է: Այս հարցը, ինչպես ասում են Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունները, ապագայում կլուծվի: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես է գործելու հարավային մայրուղին` Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը, որը մնացել է հայերին նոյեմբերի 25-ից հետո:

Հարավային ճանապարհը բաց է. դրա անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները: Բայց այն անցնում է ադրբեջանների կողմից գրավված Շուշիի տակով, ինչը վախեցնում է հայերին: «Առաջին պատերազմից հետո մենք [ադրբեջանցիների հետ] չէինք շփվում, բայց հիմա չգիտեմ, թե ինչպես ենք այդքան մոտ լինելու»,- հառաչում է Նաիրան: Որքան ավելի շատ ես մոտենում ամրոց քաղաքին, այնքան մշուշն ավելի խիտ է դառնում եւ խավար է շուրջը: Ճանապարհի եզրին տասնյակ պատառոտված եւ այրված բուշլատներ եւ զինվորական կոշիկներ են. դրանք հանված դիերի վրայից: Դիերը (հարյուրավոր) հավաքեցին խաղաղապահների տեղակայումից մի քանի օր անց, իսկ անհայտ կորածների որոնումները մինչ այժմ շարունակվում են: Լանջերին պատռված վրաններ, հրանոթային արկղեր, հապճեպ փորված ականանետային հաշվարկների դիրքեր են: Ճանապարհի երթեւեկելի մասից հրթիռների պոչեր են դուրս ցցված, ամենուր ռմբափոսեր եւ ածխացած ծառեր են: Այս ճանապարհի երկու հատվածներում ադրբեջանցի զինվորականների կարելի է հանդիպել` Շուշիի մատույցներում:

«Եղանակը ռոմանտիկ-դիվերսիոն է»,- կատակում է հայ վարորդ Վադիմը խիտ մառախուղի մասին եւ տեղավորվում ծանր ընթացող ռուսական զրահամեքենայի հետեւում. այդպես ավելի հանգիստ է: Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը ողջունվում է, բայց դա հիմնականում պայմանավորված է չճանաչված հանրապետության եւ Հայաստանի իշխանությունների նկատմամբ պարտությունից հետո առաջացած ահռելի անվստահությամբ: Բազմաթիվ աշխարհազորայիններ եւ քաղաքացիական անձինք այժմ իրենց «ղարաբաղցի» են կոչում, այլ ոչ թե` «հայ»: Եվ իրենց կուլիսային խաղի պատանդ են համարում: «Նիկոլն ինձ համար հիմա հայհոյանքի նման է»,- ասում է ղարաբաղցի Անուշը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին:

Ստեփանակերտի հյուրանոցներից մեկի դիմաց, որտեղ ապրում է լրագրողների մեծ մասը, այրված երկհարկանի խանութ է, որի սեւացած պատին գրված է` I recognize Artsakh («Ես ճանաչում եմ Արցախի անկախությունը»): Տեղացիներն ասում են, որ այս խանութը պատկանում է հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Շենքը հրդեհվել էր այն գիշերը, երբ հայտարարվեց խաղաղության պայմանների մասին: Ստեփանակերտում լուրեր են պտտվում, որ այն հրկիզել է Հադրութի մի բնակիչ, ով կորցրել է իր հայրենի քաղաքն ու տունը: Ըստ մյուս պտտվող լուրերի` Ռուսաստանը կսկսի ռուսական անձնագրեր բաժանել տեղի բնակիչներին:

Շուշիի շատ բնակիչներ տեղափոխվել են Ստեփանակերտ: Հարութը կորցրել է իր տունը եւ դեռ ապրում է ծանոթների մոտ: Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում Ղարաբաղի ամենահայտնի տեսարժան վայրերի լուսանկարներով գովազդային վահանակների մոտ նա կանգ է առնում Շուշիի կիրճում գտնվող ջրվեժի պատկերի մոտ, սմարթֆոնում ցույց է տալիս օգոստոսին այնտեղ արված իր լուսանկարները: Հարութը չգիտի, թե որտեղ է ապրելու:
Մարտերի ընթացքում առավել տուժածներից մեկը Մարտունի քաղաքն եւ դրա շրջակայքն էր, հառաչում է քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը: Կենտրոնական հրապարակում մի քանի խոշոր ռմբափոս է, ասֆալտից ականների պոչեր են դուրս ցցվել, ոտքերի տակ ապակու փշուրներ են: Հիսուն մետր շառավղով ոչ մի ամբողջական պատուհան չկա: Խաղաղության պայմանագրի համաձայն` քաղաքը կմնա հայկական կողմին: Ստեփանակերտից քաղաք տանող ճանապարհն անցնում է լեռնանցքով. Մարտունին գրեթե հարթավայրի վրա է: Ճանապարհի այս հատվածում կարծես Առաջին Համաշխարհային պատերազմի պեյզաժներն են` խնամված դաշտեր եւ խաղողի այգիներ, իսկ հենց դրանց մեջտեղում` խրամատներ, որոնց սեւ պատվարներից հնաոճ հրետանային զենքի փողեր են դուրս ցցվել:

36-ամյա Սասունը Մարտունուց Երեւան է գնացել պատերազմի ավարտից մի քանի օր առաջ` նոյեմբերի 8-ին: Պատերազմի հենց սկզբից նրա կինն ու երեք երեխաները մորաքրոջ հետ ապրում էին Հայաստանի մայրաքաղաքում: Անցյալ հանգստյան օրերին բոլորը վերադարձան իրենց տուն Մարտունիում: Սասունի երկհարկանի տունը շատ չի տուժել. երկու կողմերից կոտրվել են պատուհանները, վնասվել է սվաղը: Տան վրա վերջին պատերազմի (1992-1994 թվականների) հետքերն են բոլոր չորս պատերին բեկորների հետքեր են: «Այս տարի ուզում էի վերջապես վերանորոգել: Ահա, գնել եմ, բայց պատերազմ սկսվեց»,- ցույց է տալիս նա շինանյութի կույտը: Սասունի երեխաները մտնում են տուն, վախեցած նայում են շուրջը. կոտրված ապակիների մեջ սովից սատկած հավերն են: Ամբողջ քաղաքով լսվում է լքված շների ոռնոցը»: