Արցախի հայրենակիցներին օգնության շրջանակում իրականացվում է 2 ծրագիր, որոնցից մեկը նախատեսում է Արցախի յուրաքանչյուր բնակչին 68 հազար դրամի աջակցություն։ Այս մասին նոյեմբերի 26-ին Կառավարության նիստում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նրա խոսքով՝ այս ծրագրով 30 հազար քաղաքացիների հայտերն արդեն  հավանություն են ստացել, սոցիալական օգնություն կստանան պատերազմից տուժած շուրջ 94 հազար արցախցիներ։

«Երկրորդ ծրագրով Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերի բնակիչները կստանան 300 հազար դրամի միանվագ օգնություն։ Դրանից բացի, առաջիկա ամիսներին փոխհատուցվելու են այն քաղաքացիների ծախսերը, որոնք իրենց տները կորցրել են»,- հավելեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ շահառուներ են համարվում ոչ թե ընտանիքները, այլ առանձին անձինք, այնսինքն՝ օգնություն կարող է ստանալ մեկ ընտանիքից մի քանի մարդ։

«Այս ծրագրերի իրականացումն ուղղված է իրենց տներ արցախցիների արագ վերադարձին»,- պարզաբանեց վարչապետը։