Երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայուն է, 3-4 շաբաթ առաջվա համեմատությամբ մի փոքր բարելավվել է։ Այս մասին նոյեմբերի 26-ին Կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Երեկվանից չկան քաղաքացիներ, որոնք կլինեն ծանր վիճակում, եւ մենք չենք կարողանա նրանց տեղավորել։ Հուսով ենք, որ նման վիճակը կպահպանվի նվազագույնը առաջիկա մի քանի շաբաթներին»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ հիվանդանոցները շարունակում են աշխատել նույն ռեժիմով, քանի որ կանխատեսումներ կան, որ կորոնավիրուսի կրկին ակտիվանում է։ «Փորձագետներն ասում են, որ կրկին հնարավոր է անկում, իսկ հետո դարձյալ աճ՝ 2-3 ամսվա ընդմիջմամբ»,- պարզաբանեց նախարարը։

Նշենք, որ Հայաստանում բացի դիմակներ կրելու թույլ կոչերից, կանխարգելման ոչ մի այլ միջոցառում չի իրականացվում։ Այս ֆոնին հիվանդացության ցուցանիշների նվազումը հատկապես տպավորիչ է թվում։