Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված որոշ սահմանափակումներ բացասական հետեւանքներ են ստեղծում տնտեսության համար: Այս մասին նոյեմբերի 26-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին «Ռազմական դրության վերացման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով` «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում ասվում է, որ երկրում ռազմական դրություն հայտարարելու հիմք հանդիսացող հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է ամբողջությամբ կամ մասամբ դադարեցվել:

«Դա կարող է անել կառավարությունը կամ Ազգային ժողովը: Հաշվի առնելով, որ ռազմական դրություն հայտարարելու որոշման մեջ նշված հանգամանքներն այլեւս գոյություն չունեն` «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը «Բարգավաճ Հայաստանի» հետ համատեղ արտահերթ նիստ է նախաձեռնել, որին Ազգային ժողովին առաջարկում է որոշում կայացնել ռազմական դրության վերացման մասին»,- պարզաբանեց պատգամավորը:

Նա նաեւ նշեց, որ ռազմական դրության հետ կապված իրավիճակը փոխվել է, սակայն բոլոր սահմանափակումները մնացել են: Պատգամավորը շեշտեց, որ այդ սահմանափակումները տարածվում են նաեւ ժողովրդավարության հիմունքներին` խոսքի ազատությաը, մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքին, հավաքների ազատությանը եւ գործադուլներին:

Գորգիսյանի խոսքով` որոշ սահմանափակումներ բացասական ազդեցություն են ունենում տնտեսության վրա: «Երկքաղաքացիություն ունեցող շատ մարդիկ այսօր չեն կարող լքել Հայաստանը` իրենց տնտեսական գործունեությամբ զբաղվելու, արտագնա աշխատանքի մեկնելու, Հայաստան գումար ուղարկելու համար»,- ասաց պատգամավորը: