Ի՞նչ քայլեր կձեռնարկի Ադրբեջանը Արցախի պետականությունը նվազագույնի հասցնելու համար: NEWS.am-ի հետ զրույցում Բաքվի գործողությունների կանխատեսում է արել Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի Հանրապետության եւ պատմական Ղարաբաղի հսկայական տարածքներ: Ադրբեջանը, որը վարչական աշխարհաքաղաքականության մեծ փորձ ունի, շուտով կսկսի գործնականում իրականացնել նման բնույթի որոշ ծրագրեր: Տվյալ համատեքստում բացառված չէ, որ կստեղծվի կազմավորում Ղարաբաղ կամ նույնիսկ Լեռնային Ղարաբաղ անվանմամբ, եւ, ամենայն հավանականությամբ, Շուշի վարչական կենտրոնով»,-նշեց Դավիթ Բաբայանը:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղ անվանմամբ վարչական-տարածքային կազմավորում ստեղծելու ծրագրեր ունեին 1920-ական թվականների վերջին, որպեսզի այդպիսով «ընդհանուր Ղարաբաղի» կազմում ներառվի նաեւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ փաստացի լուծարելով պետականությունն այդ տարածքային կազմավորման մեջ առանց որեւէ ինքնավար կարգավիճակի:

«Կարծում եմ, որ այժմ նրանք նման ուղի կբռնեն: Այսինքն, կստեղծեն իրենց վարչական միավորը «Ղարաբաղ» անվանմամբ: Ադրբեջանի վերջնանպատակն է հայկական պետականության լուծարումը:

Մենք պետք է պատրաստ լինենք նման փորձերի: Ամեն դեպքում, ամեն ինչ կախված է մեզնից, մեր ժողովրդից եւ նրանից, թե կկարողանանք արդյոք դասեր քաղել: Եթե այո, ապա ցանկացած մարտահրավեր կարող է ամրապնդվելու հնարավորություն դառնալ: Սակայն եթե դասեր չքաղենք, ապա մեզ էլ ավելի մեծ ցնցումներ եւ խնդիրներ են սպասվում»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը: