Կարծում եմ` իշխանություններն այսօր բավարար չափով ազնվություն եւ պարկեշտություն  չունեցան խոստովանելու, որ ռազմական դրությունը չեղարկելու հիմքում ընկած է այն վախը, որ խորհրդարանական ընդդիմությունը դրանից անմիաջապես հետո հանդես է գալու վարչապետին  անվստահություն հայտնելու  նախաձեռնությամբ: Այս մասին այսօր` նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը` նշելով, որ այս մասին քննարկումներ կան:

«Եթե իշխանությունները իրենց մեջ գտնեն բավարար չափով քաղաքական կամք, պարկեշտություն, ազնվություն եւ ի վերջո հայրենասիրություն եւ չեղարկեն ռազմական ռեժիմը, բնականաբար, մենք մեր հետագա քայլերի ամսին կբարձրաձայնենք»,-ասաց նա:

Տոնոյանի կարծիքով` վարչապետի հեռանալուց հետո պետք է գա այն կառավարության կազմը, որը կարող է երկիրը հանել ստեղծված օրհասական եւ խայտառաից վիճակից:

«Թե ով այն կղեկավարի հանրությունը, քաղաքական ուժերը եւ մտավորականները, անձը կարեւոր չէ, կարեւոր է, երկիրը դուրս բերի այս վիճակից»,-ասաց նա: