Մեր հարգարժան փոխնախարարն իր ելույթում ասաց, որ հետպատերազմական շրջան է, եթե էդպես է, ռազմական դրությունը ո՞րն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը։

«Եթե մենք ուզում ենք պահել ռազմական դրությունը, ի՞նչ ենք դրանով տալիս մեզ։ Էդ ռազմական դրության ընթացքում մեր երկրի ղեկավարությունը եւ ԶՈՒ-երի գերագույն ինքնահռչակ հրամանատարն ի՞նչ է մտածում մեր դիերի փոխանակման մասին։

Ռազմական դրությունը ձեւական պահպանելով, սահմանափակումներ մտցնելով մարդկանց տեղաշարժի իրավունքի, որոշակի տնտեսական գործունեության վրա, սրանով ի՞նչ ենք շահում, ուզում եմ հասկանալ»,-նշեց նա։

Գեւորգ Պետրոսյանը նկատեց, որ Հայաստանի անվտանգությանը միշտ էլ սպառնալիք կա, քանի որ մենք սահմանակից ենք Թուրքիային։

«Դե եկեք ուրեմն ռազմական դրությունը սահմանենք կանոն եւ գնանք առաջ, հետո՞»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը, ապա հավելեց․ «Էս ամբիոնը հեքիաթ պատմելու տեղ չի, բոլորս էլ հասկանում ենք, որ ռազմական դրության երկարաձգումը իշխանության կյանքը երկարաձգելու հնարք է, եւ դրա համար էլ մենք պայքարում ենք էդ հնարքը շարքից հանելու ուղղությամբ»։

ԲՀԿ-ական պատգամավորը ելույթի ավարտին կրկին կոչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։