2021 թվականին Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Ղազախստանի տնտեսությունները կմտնեն աճի փուլ, ինչը կապված է ԵԱՏՄ-ի ներսում սահմանափակումների ակնկալվելիք չեղարկման եւ արտաքին գործոնների հետ, մասնավորապես, Եվրոպայում, Չինաստանում, ԱՄՆ-ում տնտեսական աճի հետ: Այս մասին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Բիշքեկ-Նուր Սուլթան տեսակամրջի ժամանակ հայտարարել է Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի եւ Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը:  

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների ագրեգացված տնտեսական աճը կկազմի 3,2 տոկոս:

«Առաջինը կվերականգնվի Ղազախստանը, իսկ 2021 թվականի վերջին դուրս կգա մինչճգնաժամային մակարդակի: Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի տնտեսությունները կվերականգնվեն 2022 թվականի ընթացքում, իսկ Բելառուսի տնտեսությունը՝ 2023 թվականի սկզբին»,-նշել է նա:

Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովն էլ հավելել է, որ 2020 թվականի արդյունքներով ԵԱՏՄ երկրների ագրեգացված ՀՆԱ-ի անկումը կնվազի 3,8 տոկոսով անցած տարի 1,7 տոկոս աճից հետո:

«Հայաստանում ՀՆԱ անկումը կկազմի 6,4 տոկոս»,-ասել է նա: