Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը ներկայացման և հանրության հետ քննարկելու կարիք չուներ, դա պահի պահանջն էր։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրուցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։

«Ես գիտեմ, որ հանրությունը ընդունում է, այդ որոշումը քննարկելու ժամանակ չի ունեցել։ Այդ որոշման հիմքում ընկած է Արցախի նախագահի և շտաբի պետի հիմնավորված կարծիքը։ Ես գիտեմ, որ նման փաստաթղթերը ներկայացման խնդիր չունեն, և պետք չէ քննարկել հանրության հետ, դա պահի պահանջն է։ Փաստաթուղթը ստորագրել է Փաշինյանը Արցախի նախագահի և շտաբի պետի խոսքով, պահանջով և առաջարկով։ Այդ ժամանակ զոհասեղանին դրված էր 25-30000 մարդու կյանք։ Այդ մարդկանց կյանքը և Արցախի մնացած հատվածը փրկելով՝ վարչապետը ստորագրել է այդ փաստաթուղթը»։

Վահե Ղալումյանը նշեց, որ չի կարող անդրադառնալ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ հոկտեմբերի 20-ին հնարավոր էր դադարեցնել պատերազմը, քանի որ ամբողջությամբ չի տիրապետում այդ ինֆորմացիային։

«Վարչապետի հետ պարզաբանելու հնարավորություն չեմ ունեցել։ Որպես քաղաքացի ես բավարարված եմ վարչապետ Փաշինյանի մեկնաբանություններից և պարզաբանումներից։ Սա վարչապեի ընդունակության մասին չէ, սա մեր պետության հնարավորությունների մասին է։ Պետությունը հաղթելիս չի եղել, որ վարչապետը պարտվողական փաստաթուղթ է ստորագրել։ Պատերազմի ժամանակ մենք ընդհանուր ենք կռվել ամբողջ ընդդիմությամբ և լրիվ քաղաքական ուժերի հետ, բայց պատերազմից հետո չգիտես ինչու այս ամենն ուղղվում ա մեզ, որ մենակ ենք պարտվել։ Ո՞նց ստացվեց որ պատերազմի ժամանակ բոլորս իրար հետ էինք, իսկ հիմա մենակ ենք պարտվել», -ընդգծեց պատգամավոր Ղալումյանը։