Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իշխող ուժը փորձում է ստեղծել տպավորություն՝ դե հիմա պատահել է, այո, ծանր է, բայց շարժվում ենք առաջ. ոչ, չեք շարժվում առաջ ու չեզ կարող շարժվել առաջ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարուղար Արման Աբովյանը։

«Այն հետեւանքները, որոնք այսօր բոլորիս վզին փաթաթվել են, դա ոչ միայն լոկ պատերազմի ժամանակ թույլ տված կատաստրոֆիկ սխալներն են կամ տգիտության, դավաճանության հետեւանք են, դա 2,5 տարվա ընթացքում բացարձակապես սխալ քաղաքականության, սխալ տեսլականի ձեւավորման, սխալ բանակցային գործընթացի բոլոր էտապների մասնակցության, սխալ վերլուծության եւ սխալ արձագանքման արդյունք են»,- ընդգծեց նա։

Արման Աբովյանը դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանին, որն ավելի վաղ ընդդիմադիրներին ասել էր, թե կապիտուլյացիա բառը մի օգտագործեք։

«Գիտեք, կապիտուլյացիան լոկ տերմին չէ, կապիտուլյացիան իրավիճակ է։ Դուք փորձեք դա ասել Քարվաճառի, Լաչինի ժողովրդին, բոլոր այն մարդկանց, որոնք իրենց տները վառելով, այգիները տապոռելով, ունեցած-չունեցածը թողելով եկել են այստեղ։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես վերցնում եմ իմ վրա պատասխանատվություն, Աստծուդ մեռնեմ, հետեւանքներն էլ վերցրու բա։ Ի վերջո Հայաստանում պետք է ձեւավորվի հետեւանքների ինստիտուտը, վարչապետ Փաշինյանը չի կարող կառավարել երկիրը, երբ իր անիմաստ, անգրագետ կառավարման պառճառով այսօր հասել ենք այս խայտառակ իրավիճակին»,- ասաց պատգամավորը։

Արման Աբովյանը հիշեցրեց, որ երկուսուկես տարվա ընթացքում խոսվում էր հպարտ քաղաքացու մասին, բայց հիմա իրավիճակը լրիվ այլ է։

«Ի՞նչ հպարտություն, սաղիս տվեցին գետնով: Խոսվում էր տնտեսական հեղափոխության մասին. ի՞նչ տնտեսական հեղափոխություն, մի հատ դոլարի կուրսը նայեք։ Խոսվում էր արտաքին քաղաքականության մասին, ծայրից ծայր պռավալ գնաց»,- նկատեց նա։

Պատգամավորը սթափության կոչ արեց իշխանություններին, որոնք ըստ նրա՝ ռազմական դրությունը չեն վերացնում, որովհետեւ իշխանությունն են փորձում պահել։ Արման Աբովյանը շեշտեց, որ ռազմական գործողությունների դադարից հետո վտանգներն ավելի մեծ են, իսկ այս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չեն կարող արձագանքել։