Ներկայումս ռազմական դրությունն իր հետ մի շարք խնդիրներ եւ խոչընդոտներ է պարունակում Հայաստանի համար: Այս մասին նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին «Ռազմական դրության չեղարկման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց խորհրդարանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

Քաղաքական գործչի խոսքով` բոլորի համար ակնհայտ է, որ ռազմական դրությունն այս պահին իրավական հիմք չունի:

«Իրականում այսուհետ ռազմական դրության ռեժիմի շրջանակներում որեւէ քայլ չի համաձայնեցվում: Ավելին` ներկայիս ռազմական դրության ռեժիմը մի շարք խնդիրներ եւ խոչընդոտներ է պարունակում: Որպեսզի հնարավոր լինի ավելի արդյունավետ գործունեություն ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, կարելի էր Սահմանադրությամբ սահմանված մի շարք գործիքներ օգտագործել` խաղաղ բանավեճեր, քննարկումներ եւ պատասխանատուների պատասխանատվության ենթարկում ստեղծված իրավիճակում»,- պարզաբանեց Էնֆիաջյանը:

Պատգամավորը դժգոհություն հայտնեց նաեւ այն կապակցությամբ, որ իշխող քաղաքական ուժի քաղաքական հայտարարությունները հրապարակվում են Ազգային ժողովի պաշտոնական կայքում, մինչդեռ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների հայտարարությունները` ոչ: