Ո՞վ է մեղավոր եւ ի՞նչ անել։ Այս պահին առաջարկում եմ հետաձգել այն հարցի պատասխանը, թե ով է մեղավոր։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ավելի կարեւոր է պատասխանել՝ ի՞նչ անել հարցին։

«Ինչ վերաբերում է Կիմ Բալայանի հետ կապված իրավիճակին, ապա նրան կոչ եմ անում դադարեցնել հացադուլը։ Նա Հայաստանին շատ պետք է։ Բոլորին, այդ թվում՝ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին կոչ եմ անում վերադառնալ երկխոսության։ Դա կարեւոր է կայունության եւ հետագա համատեղ աշխատանքի տեսակետից։ Բոլորը մեղադրանքներ են ներկայացնում, եւ ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչ անել, մասնավորապես, վարձկանների առումով, որոնք ոչ մի տեղ չեն գնացել, թուրք զինվորականների ներկայության առումով, Ֆրանսիայի Սենատի բանաձեւի առումով։ Եթե իմ հրաժարականը ինչ-որ խնդիրներ կլուծի, ապա ես պատրաստ եմ այդ քայլին գնալ։ Սա յուրաքանչյուր պատգամավորի անձնական ընտրությունն է եւ պատասխանատվությունից խուսափելու լավագույն եղանակը»,- նշեց նա։

Պատգամավորը դատական իշխանության ներկայացուցիչներին կոչ արեց զերծ մնալ հրապարակային քաղաքական հայտարարություններից։