Դոնալդ Թրամփի եւ նրա երեք ավագ երեխաների գործունեությունը Թրամփի կազմակերպությունում կարող է քրեական հետապնդման առարկա դառնալ, ասում է գերմանական Focus պարբերականի հեղինակ Սանդրա Ուորդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ նրա` հավանական է, որ այդ դեպքում Դոնալդ Թրամփին կարող է ազատազրկում սպառնալ:

«Միայն նախագահությունն է փրկում Դոնալդ Թրամփին բանտից կամ սնանկացումից»,- հեղինակը մեջբերում է ամերիկացի պատմաբան Թիմոթի Սնայդերին:

Ընդ որում, ամերիկյան լրատվամիջոցներում ավելի ու ավելի հաճախ են կանխատեսումներ հնչում ներկայիս պետության ղեկավարի երեք երեխաների` Իվանկայի, Դոնալդի եւ Էրիկի մոտալուտ ազատազրկման մասին: Նրանք կարող են ներգրավված լինել  Trump Organization-ի ֆինանսական եւ հարկային խախտումների մեջ:

Վերջերս Իվանկա Թրամփը Դեմոկրատական ​​կուսակցությանը մեղադրեց քաղաքական հետապնդման մեջ այն բանից հետո, երբ Նյու Յորքի Գերագույն դատարանը հայտարարեց նախագահի ընտանիքի ընկերությունում հարկային իրավախախտումների հետաքննության ընդլայնման մասին:

Իվանկան ամենից շատ է ներգրավված Թրամփ հիմնադրամի գործունեության մեջ: Նա հորից  որպես «վարձատրություն» 750.000 դոլար էր ստացել «խորհրդատուի» ծառայությունների դիմաց, ինչը Նյու Յորքի դատախազների մոտ կասկածներ է առաջացրել հարկերից խուսափելու նախագահի փորձի հետ կապված: Բացի այդ, Թրամփը կասկածվում էր Playboy-ի մոդել Քարեն Մակդուգալին կաշառելու մեջ:

2012-ին Թրամփի երեխաները` Իվանկան եւ Դոնալդը, գրեթե դատարանի առջեւ հայտնվեցին խարդախության գործով: Նրանց կարող էին մեղադրել Trump Soho Tower-ում բնակարանների բարձրացված գների մեջ: Հատկանշական է, որ այդ ժամանակ Թրամփի ընտանիքը 25 հազար դոլար նվիրաբերեց դատախազի վերընտրման արշավի համար:

Իսկ այժմ Թրամփի ընտանիքի դեմ ավելի քան մեկ տասնյակ հետաքննություն է ընթանում, իսկ առաջիկա տարիներին երկրի ներկայիս ղեկավարը ստիպված կլինի ավելի քան 300 միլիոն դոլարի պարտք մարել օտարերկրյա վարկատուներին, այդ թվում` Deutsche Bank-ին: Ըստ Financial Times-ի`՝ Թրամփի պարտքը 900 միլիոն դոլարի է հասնում, իսկ Forbes-ը հայտնում է միլիոնների պարտավորությունների մասին հարկային մարմինների առջեւ: Բացի այդ, գործող նախագահի բիզնեսը մեծ վնասներ է կրում համավարակի պատճառով, ասվում է հոդվածում:

Անցյալ տարի կառավարության էթիկայի հանձնաժողովն Իվանկա Թրամփին պարտավորեց դասընթաց անցնել «Բարեգործական կազմակերպությունների պարտականությունները» թեմայով` Trump Organizationն-ի նվիրատվություններից 20 000 դոլարով նախագահի դիմանկարը գնելուց հետո: Բարեգործական գումարներն անձնական շահերի եւ ծախսերի համար նախատեսված չեն, եզրակացրել էր կոմիտեն:

Իվանկայի ամուսնու` Ջարեդ Քուշների ընտանիքը եւս իրավական խնդիրներ է ունեցել: 2004 թվականին նրա հայրը` հայտնի գործարար Չարլզ Քուշները, 14 ամիս ազատազրկման դատապարտվեց հարկային մեքենայությունների եւ կուսակցական ապօրինի նվիրատվությունների մեջ իր մեղքը խոստովանելուց հետո: Բացի այդ, նա հայտարարել էր, որ մարմնավաճառ էր վարձել` դատարանում իր հարազատներից մեկին շանտաժի ենթարկելու համար:

Թրամփի վեց նախկին խորհրդականներն ավելի վաղ ազատազրկման էին դատապարտվել: Նրանց թվում է նրա նախկին փաստաբան Մայքլ Քոենը: Երբ նրան հարցրեցին նախագահի ընտանիքի ապագայի կանխատեսման մասին հարցին, նա ասաց, որ Թրամփն ամեն ինչ կանի իրեն փրկելու համար:

«Նախ նա կթողնի Էրիկին, իսկ հետո` Դոն կրտսերին: Իսկ եթե անհրաժեշտ լինի, նա կզոհաբերի նույնպես իր սիրելի դստերը` Իվանկային: Հավատացեք, որ ես Դոնալդին լավ եմ ճանաչում»,- Քոենին  մեջբերում է հոդվածի հեղինակը: