Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ խումբը ժամանեց Ստեփանակերտ` տեղական բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար, հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության օպերատիվ խմբի շտաբում Լեռնային Ղարաբաղում:

«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խումբը, որը բաղկացած է Նոգինսկի եւ Տուլայի փրկարարական կենտրոնների եւ «Լիդեր» կենտրոնի փրկարարներից, ժամանել է Լեռնային Ղարաբաղ: Ժամանել են նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ, Էներգետիկայի նախարարության մասնագետներ»,- ասել է օպերատիվ խմբի ներկայացուցիչը:

Նախօրեին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «Իլ-76» ինքնաթիռը` փրկարարների լրացուցիչ խմբով եւ տեխնիկայով Լեռնային Ղարաբաղում աշխատանքի համար վայրէջք կատարեց Երեւանում: Դրանք կտեղակայվեն Ստեփանակերտի մերձակայքում գտնվող Իվանյան գյուղում, որտեղ տեղակայված է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը: Գերատեսչության մասնագետները կզբաղվեն հասցեական օգնությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Ապագայում ՌԴ ԱԻՆ խմբավորումը նախատեսվում է հասցնել ավելի քան 100 մարդու:

Սեպտեմբերի 27-ին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում սրվեց, վիճելի տարածքում ակտիվ մարտեր սկսվեցին: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները համատեղ հայտարարություն ստորագրեցին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին: Փաստաթուղթը ռուս խաղաղապահների տեղակայում էր նախատեսում տարածաշրջանում: Նոյեմբերի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր  ստորագրեց` Լեռնային Ղարաբաղի համար միջգերատեսչական մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու մասին: Դրանում ընդգրկվեցին արտակարգ իրավիճակների նախարարության, արտաքին գործերի նախարարության եւ ԱԴԾ ներկայացուցիչներ, գործադիր իշխանության այլ շահագրգիռ դաշնային մարմինների ներկայացուցիչներ: Կազմակերպչական հարցերի որոշումը վստահված է պաշտպանության նախարարությանը:


.