Տարօրինակ է, որ ռազմական դրության ռեժիմի չեղարկման հարցի քննարկման ժամանակ կառավարության դիրքորոշումը ներկայացնում է ոչ թե պաշտպանության նախարարը կամ Հայաստանի գլխավոր շտաբի պետը, այլ առողջապահության փոխնախարարը: Ռազմական դրության ռեժիմը պահպանելու համար շատ պարզ պատճառներ, իրավական կամ ռազմական արդարացումներ են անհրաժեշտ, որոնք չկան: Այս մասին նոյեմբերի 26-ին «Ռազմական դրության վերացման մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Արկադի Խաչատրյանը:

Ընդ որում, ըստ նրա, կառավարության մարդասիրական փաստարկներն ուղղակի անընդունելի են:

Պատգամավորը նաեւ շեշտեց, որ իշխանությունները ռազմական դրության ռեժիմը երկարաձգելու համար որպես արդարացում բերում են հարկային եւ մաքսային պարտավորությունների հետ կապված խնդիրը:

«Եթե ամբողջ հարցը միայն դրա մեջ է, ապա մենք կարող ենք քննարկել Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկը: Կառավարությունը կկարողանա առավել հարմար պայմաններ ստեղծել իր համար: Մենք հույս ունեինք, որ այստեղ ներկա կլիներ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, որը կպատմեր իրական ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ ապագայում, ինչպես նաեւ կպատմեր անվտանգության սպառնալիքի մասին ռազմական դրության վերացման դեպքում: Սակայն պաշտպանության նախարարությունից ոչ ոք այդպես էլ չներկայացավ: Եթե ​​իրավական եւ ռազմական բացատրություններ չկան, ակնհայտ է դառնում, որ ռազմական դրության պահպանումն անհրաժեշտ է անձնական շահադիտական ​​նպատակներով, քանի որ այն սահմանափակում է քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»,- եզրափակեց Խաչատրյանը: