«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պետական դավաճանության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն:

«ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածը՝ պետական դավաճանությունը, Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ այս ծավալով կիրառվում է առաջին անգամ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից:

Դավաճանության պատճառներն ու մոտիվները պետք է պարզվեն քրեական գործի հետաքննության արդյունքում:

Քննչական մարմինը պետք է ուշադրություն դարձնի Օնիկ Գասպարյանի, Մովսես Հակոբյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին: Վերջինս ասել է, որ հոկտեմբերի 20-ին հնարավորություն է եղել դադարեցնել պատերազմը, սակայն հայկական կողմն այդ հնարավորությունը բաց է թողել: Պետք է հասկանալ, թե ինչ հանգամանքներում է հանձնվել Շուշին, եւ հնարավոր էր արդյոք ավելի շատ կյանքներ փրկել:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պետք է անհապաղ քրեական գործ հարուցի, այն ուղարկի ԱԱԾ Քննչական դեպարտամենտ: Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-նշեց նա: