«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից կադրեր ցուցադրեց եւ մեկնաբանեց, որ ադրբեջանցի զինծառայողները Սոթքի հանքավայրի մատույցներում են։

«Քիչ առաջ Սոթքի հանքավայրի աշխատակիցներից զանգեցին ինձ եւ ասացին, որ այս պահին մենք սարսափի մեջ փորձում ենք իջեցնել տեխնիկան եւ մարդկանց անվտանգ տեղափոխել»,- պատմեց Նաիրա Զոհրաբյանը՝ արձանագրելով, որ Հայաստանում  անիշխանություն է։

ԲՀԿ-ական պատգամավորը մեջբերեց վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը, թե Սոթքի հետ կապված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, եւ ընդգծեց, որ սպասում են Գեղարքունիքի մարզպետի պարզաբանմանը, որի հետ այս պահին չենք կարողանում կապ հաստատել։ 

«Հարգելի տիկին կամ օրիորդ, եթե տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, էդ դեպքում ինչի՞ եք սպասում Գեղարքունիքի մարզպետի  պարզաբանմանը»,- նկատեց պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով այն կարծիքներին, որ Նիկոլ Փաշինյանը փրկել է Ստեփանակերտը՝ հանձնելով այլ տարածքներ, դիմեց Գեղարքունիքի մարզի բնակիչներին։

«Հիշեցնեմ, որ Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանը դարձել է 410 կմ, ես շատ ուրախ եմ, որ ձեր որդիները այս պատերազմում փրկվեցին, բայց հիշեք, որ այս վտանգը կա»,- ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ընդգծելով, որ մեզ ադեկվատ բանակցող է պետք։