Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը փոքր հաջողություն է, և այն հաղթանակ որակելը վաղաժամ է։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 25–ին, Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունեց Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծը, որով կոչ են անում կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնել կայուն խաղաղության հաստատման համար։

Վարժապետյանի խոսքով՝ Սենատից բացի, այս նախագիծը դեռ պետք է ընդունի Ֆրանսիայի Ազգային ժողովը, ապա նաև Ֆրանսիայի կառավարությունը։

«Պետք չէ շատ արագ ոգևորվել այս հաջողությամբ։ 44 օր «հաղթելու ենք» կոչով գոռոզացած ժողովուրդը կապիտուլացիայի «ապտակ» կերավ, և անգամ շոշափելի հաջողության դեպքում սկսել է  զգուշավորություն ցուցաբերել։ Վաղաժամ է «հաղթանակ» գոռալը, այս բանաձևը երկար ճանապարհ ունի անցնելու, սակայն միաժամանակ պետք էլ չէ այս բանաձևի նշանակությունը նվազեցնել, քանի որ նախագծի ընդունման համար հայ համայնքը և հայկական քաղաքական կազմակերպությունները մեծ ջանքեր են գործադրել։ Պետք է գտնել ոսկե միջինը, շարունակել աշխատանքները և հասնել Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության վերջնական ճանաչմանը»–ասաց նա։

Վարժապետյանի կարծիքով՝  Արցախի կապիտուլացիայի փաստաթղթի ստորագրումից հետո հայ ժողովուրդը, այդ թվում սփյուռքի մեր հայրենակիցները, գրեթե ամեն ինչի նկատմամբ կորցրել են իրենց վստահությունը, սակայն ըստ նրա՝ այս իրավիճակից պետք է շատ արագ դուրս գալ և շարժվել առաջ։

Անդրադառնալով բանաձևի քաղաքական նշանակությանը, Վարժապետյանն ասաց.

«Արցախի հարցով Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը պետք է դիտարկել ինչպես ֆրանս–թուրքական և ֆրանս–ադրբեջանական հարաբերությունների լարվածության, այնպես էլ ՄԻՆՍԿ–ի խմբում Ռուսաստանի նկատմամբ որոշակի քաղաքականություն մշակելու համատեքստում։ Դրա վառ ապացույցը՝ Ադրբեջանի արձագանքն էր, որի խորհրդարանը այսօր արդեն հանդես է եկել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հանելու կոչով»,–ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ դերակատարություն են ունեցել գործող իշխանությունները և անձամբ վարչապետ Փաշինյանը այս բանաձևի ընդունման գործում, ֆրանսահայ գործիչն ասաց.

«Վարչապետը այս հարցում որևէ նախաձեռնություն չի ցուցաբերել, սա Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների, հայ համայնքի աշխատանքի արդյունքն է, իսկ բուն հաջողությունը հիմնականում կապված է Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, նրա շահերի  հետ։ Երկուսուկես տարվա ընթացքում արտաքին ճակատում Հայաստանի կամ Արցախի օգտին ընդունված բանաձևերը վարչապետը գոռոզաբար փորձել է իրեն վերագրել։ Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե Սենատի կայացրած որոշումով Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ։ Ու՞ր էր վարչապետը մինչև հիմա, ինչու՞  Հայաստանի խորհրդարանում քաղաքական մեծամասնություն ունեցող վարչապետի թիմը չճանաչեց Արցախի անկախությունը, որ հիմա էլ հպարտանում է այս որոշումով։  Սա նրա ամենօրյա գոռոզության և մեծամտության օրինակն է։ Բավական է, ձանձրացել ենք արդեն, նա պետք է հեռանա, թողնի մենք էլ այստեղ մեր գործը, Հայ Դատի համար պայքարը պատվով շարունակենք»,–հայտարարեց նա՝ ընդգծելով, որ այսօր ֆրանսահայերի 80 տոկոսից ավելին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։