Ֆրանսիայում նոյեմբերի 26-ին հետաքննություն է սկսվել եւս երեք դպրոցականների դեմ, որոնց համարում են դասի ընթացքում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները ցույց տված ուսուցիչ Սամուել Պատիի սպանողի հնարավոր հանցակիցներ: Հետաքննությունը կարծում է, որ հենց այդ դեռահասներն են չարագործին պատմել ուսուցչի մասին, հայտնում է DW-ն:

Եւս մեկ աշակերտուհու կասկածում են Պատիի մասին դիտավորյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջ: Ըստ ֆրանսիական AFP գործակալության, խոսքը այն տղամարդու դստեր մասին է, ով ակտիվորեն ատելության արշավ էր վարում Պատիի դեմ համացանցում: Հետաքննությունը նրանցով հետաքրքրվել էր դեռ հոկտեմբերին:

Ընդհանուր առմամբ, մինչ օրս Սամուել Պատիի սպանության կապակցությամբ հետաքննություն է ընթանում 14 անձանց, այդ թվում՝ անչափահասների դեմ:

Պատմության, աշխարհագրության եւ հասարակագիտության ուսուցիչ 47-ամյա Սամուել Պատին դաժանորեն սպանվել էր հոկտեմբերի 16-ին Փարիզի մերձակայքում՝ ծագումով չեչեն երիտասարդի կողմից:

Ըստ Ֆրանսիայի իշխանությունների, հանցագործությունը, որը ճանաչվել է որպես ահաբեկչություն եւ երկրում հսկայական բողոք է առաջացրել, կատարվել է իսլամիստական դրդապատճառներով: Խոսքի ազատության մասին դասեր տալիս Պատին իր ուսանողներին ցույց էր տվել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք ստեղծվել են Charlie Hebdo ամսագրի խմբագրության կողմից: Պատրաստվելով ուսուցչի վրա հարձակման՝ Չեչնիայում ծնված 18-ամյա երիտասարդը սոցիալական ցանցերում հայտարարել էր, որ իր արարքի դրդապատճառը հենց այդ ծաղրանկարներն են։

Մեկնաբանելով ուսուցչի սպանությունը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասել էր, որ իսլամը ճգնաժամային վիճակում է, իսկ Պատին «լուռ հերոս» է եւ «հանրապետության մարմնացում»: «Մենք չենք հրաժարվի ծաղրանկարներից եւ նկարներից»,- հավելել էր նա:

Մակրոնի այս եւ նման հայտարարությունները հակաֆրանսիական բողոքի ալիք էին բարձրացրել Թուրքիայում եւ մահմեդական մի շարք այլ երկրներում: Միեւնույն ժամանակ, ցուցարարները Մակրոնին մեղադրում էին բոլոր մահմեդականների հանդեպ ատելության եւ նույնիսկ ռասիզմի մեջ:

Նոյեմբերի 4-ին, Financial Times-ում հրապարակված նամակում Էմանուել Մակրոնը ընդգծել է, որ Ֆրանսիան մահմեդականների համար նույնքան աշխարհիկ երկիր է, որքան քրիստոնյաների, հրեաների, բուդդայականների եւ մյուս հավատացյալների համար: «Ես ոչ մեկին թույլ չեմ տա ասել, որ Ֆրանսիան կամ նրա կառավարությունը խրախուսում են մահմեդականների հանդեպ ռասիզմը»,- նշել էր նա: