AstraZeneca-ն եւ Օքսֆորդի համալսարանը պաշտպանել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլում օգտագործված արդյունքները եւ մեթոդները` ի պատասխան հոռետեսների այն քննադատության, որ լրացուցիչ վերլուծություն է անհրաժեշտ, հաղորդում է CNBC-ը:

AstraZeneca-ի բաժնետոմսերն այս շաբաթ նվազել են մոտ 6%-ով այն բանից հետո, երբ հարցեր են բարձրացվել կորոնավիրուսի դեմ նրա հավանական պատվաստանյութի վերաբերյալ, որի արդյունավետությունն, ըստ ընկերության գնահատման, 70% է:

Սպիտակ տան «Գերձայնային արագություն» գործողության գլխավոր գիտական խորհրդատու, դոկտոր Մոնսեֆ Սլաուին եւ այլ ամերիկացի փորձագետներ մտահոգություն են հայտնել տարիքային խմբի թեստի անցկացման վերաբերյալ՝ ասելով, որ արդյունավետության 90%-ը նկատվել է միայն ամենացածր ռիսկի խմբում, որին մասնակցել է մինչեւ 55 տարեկան 2741 մարդ: Խումբը, որի արդյունքները 62% արդյունավետություն են ցույց տվել, կազմում է 8895 մարդ:

AstraZeneca-ն առարկել է քննադատությանը՝ ասելով, որ երկուշաբթի օրը հրապարակված տվյալները միայն միջանկյալ արդյունքներ են, եւ որ ավելի շատ տվյալներ կլինեն:

«Հետազոտությունն իրականացվել է ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Անվտանգության մոնիթորինգի հանձնաժողովը վերահսկում է ուսումնասիրությունները` անվտանգության ու որակի ապահովման նպատակով: Կոմիտեն գտել է, որ վերլուծությունը համապատասխանում է առաջնային վերջնակետին, որը ցույց է տալիս COVID-19-ի դեմ պաշտպանություն, որը տեղի է ունենում պատվաստանյութի երկու չափաբաժին ստանալուց 14 կամ ավելի օր հետո»,- հինգշաբթի CNBC-ին տված հարցազրույցում ասել է AstraZeneca-ի ներկայացուցիչը: