Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում թշնամու հրետակոծության հետեւանքով ընդհանուր առմամբ 60 տուն է վնասվել։ Ցավոք, գյուղում նաեւ մարդկային կորուստներ են եղել՝ երեք զոհ և յոթ վիրավոր։

Նունուֆար Արզումանյանի ընտանիքը, որոնց տունը զգալիորեն տուժել է հրետակոծությունից, սեփական ուժերով է վերականգնում վնասը, փոխում կոտրված ապակիները։ Պետությունից առ այսօր նրանք որևէ օժանդակություն չեն ստացել։

Ընտանիքի անդամները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ պատերազմի օրերին, որքան էլ վտանգավոր է եղել, գյուղից չեն հեռացել, այսօր էլ, թեև թշնամին մոտեցել է իրենց, գյուղը դարձել է սահմանամերձ, միևնույն է, չեն պատրաստվում հեռանալ։

«Վախենալով ենք ապրելու, բայց չենք լքելու։ Իմ ծննդավայրն է, իմ օջախն է, միշտ էլ էստեղ ենք մնալու։ Երեք երեխա ունեմ, երեքն էլ այս գյուղում են»,- ասում է Նունուֆար Արզումանյանը։

Գյուղացիների հիմնական ապրուստի միջոցը անասնապահությունն էր և հողագործությունը, ինչը հիմա անհնար է դառնում՝ հաշվի առնելով, որ թշնամու թիրախում են լինելու, բացի դրանից գյուղի հիմնական արոտավայրերն ու մշակվող տարածքներն անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։

Հարյուրավոր անասուններ էլ կամ սատկել են հերտակոծությունների հետևանքով, կամ մնացել թշնամու վերահսկողության տակ անցած վայրերում։

Մնացած անասուններն էլ շատերն արդեն կես գնով վաճառել են, մյուսներն էլ վաճառքի են հանել, քանի որ, միևնույնն է, արոտավայրեր այլևս չկան։

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Դավիթ Բեկ գյուղը մի քանի անգամ հրետակոծվել էր։