Նոյեմբերի 26-ին, ժամը 23:00-ի դրությամբ, անհայտ կորածների, ինչպես նաեւ գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները դեռ գտնվում էին Հայաստանի կառավարության շենքի առջեւ` իշխանություններից պահանջելով ապահովել իրենց հարազատների, մտերիմների եւ երեխաների շուտափույթ վերադարձը հայրենիք:

Երեւանի կենտրոնում գտնվող գործադիր մարմնի շենքի մոտ բերվել էին լրացուցիչ ոստիկանական ուժեր, որոնք հետեւում էին կարգի պահպանմանը: Մթնոլորտը ծայրաստիճան սրված էր:

Նշենք, որ կառավարության շենքի դիմաց հացադուլն է շարունակում ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ, «Երկիր-մեդիա» հեռուստաընկերության տեղեկատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը, նրա հետ էին նրա հարազատները, ընկերները, կուսակիցներն ու համակիրները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մանուկյանը անժամկետ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: