Լռեցնելու ամբողջ գործիքակազմը ռազմական դրության ընթացքում իշխանության կողմից կիրառվել է՝ այդ թվում նաեւ լրատվամիջոցների խոսքի սահմանափակմանն ուղղված նախաձեռնություններ կյանքի կոչելով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում ամփոփեց երկու ամսից ավելի երկրում հայտարարված ռազմական դրության ընթացքում քաղաքական ընդդիմախոսներին «լռեցնելու» իշխանության փորձերը։

«Արդեն նոյեմբերի 9-ին հաջորդող ժամանակահատվածում, երբ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը, արտախորհրդարանական տարբեր ուժերի ներկայացուցիչներ իրենց օբյեկտիվ եւ արդարացի բողոքի ձայնն էին բարձրացնում, ամենատարբեր գործիքներ են կիրառվել։ Դրանք վերաբերում են ե՛ւ հավաքները խոչընդոտելուն, ե՛ւ հավաքված քաղաքացիների նկատմամբ աստղաբաշխական տուգանքներ սահմանելուն (խոսքը մի քանի հարյուր հազար դրամի մասին է), ձերբակալումներ, տարբեր տեսակի քրեական գործերի հարուցում. մի խոսքով՝ բոլոր գործիքակազմերը օգտագործել են քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, իրավական հենքից դուրս քրեական գործեր հարուցելու ուղղությամբ։ Սա, կարծում եմ, իշխանությունների վախերի հանգամանքով է պայմանավորված»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Տոնոյանը շեշտեց, որ իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերին, տուգանքներին եւ խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված գործողություններին գնահատական տալու մասին ամենավերջին հերթին են մտածում. «Խոսքը յուրաքանչյուրիս է վերաբերում, բոլոր այն քաղաքական ուժերին, անհատներին, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում իշխանությունների եւ, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այսօր մենք ունենք շատ ավելի կարեւոր խնդիրներ։ Դուք գիտեք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ կապիտուլյացիայի փաստաթուղթը բազմաթիվ պայթյունավտանգ հետեւանքներով է հղի։ Հենց այսօր մենք Սոթքի հանքի դեպքով հասկացանք, թե որքան խարխուլ է այն հարաբերական կայունությունը, որի մասին իշխանությունը ողջ օրը թմբկահարում է։ Կան բազմաթիվ հարցեր, որոնց լուծման ուղղությամբ պետք է աշխատել»։

Իվետա Տոնոյանի խոսքով՝ բոլորի պատասխան տալու ժամանակը գալու է, բայց հիմա դեռ դրա մասին մտածելու ժամանակը չէ. «Իսկ այն, որ բոլոր մարդիկ, ովքեր այս օրերին, այս ժամանակահատվածում փորձել են լռեցնել ընդդիմախոսներին, հանրության շրջանում հեղինակություն ունեցող մարդկանց, արգելել են ազատ կամարտահայտմանը, սահմանափակել են ազատ տեղաշարժը, մեր հայրենակիցների, որովհետեւ դուք գիտեք, որ մարզերից եկող ճանապարհներն են պարբերաբար փակվում, բնականաբար գալու է բոլորի պատասխան տալու ժամանակը։ Բայց գտնում ենք, որ դա այսօր ամենավերջին բանն է, որը մեզ հուզում է։ Մենք այսօր կոնկրետ թե՛ Արցախի եւ թե՛ Հայաստանի անվտանգությանը սպառնացող լրջագույն խնդիրներ ունենք, որոնց ուղղությամբ ենք աշխատում»։